շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօր Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքում, Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրվա առթիվ, այսօր կայացավ Հայաստանի ազգային հերոսի հիշատակին նվիրված միջոցառում:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Թաթուլ համայնքի ղեկավար Ալբերտ Հարոյանը, հերոսի ընտանիքի անդամները, մարտական ընկերները և համայնքի բնակիչները գյուղի կենտրոնից ավանդական քայլերթով այցելել են Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Թաթուլ Կրպեյանի և զինակից ընկերների շիրիմներին:

Միջոցառման ընթացքում Թաթուլի միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրեցին Թաթուլ Կրպեյանի հեղինակային ստեղծագործությունները, հանդես եկան ազգային-հայրենասիրական ասմունքով:


Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Դավիթ Գևորգյանն ասել է.

-Ապրիլի 21-ն ամեն հայի օրացույցում պետք է կարմիրով նշված լինի: Այն ազգը, որը կուրանա, կմոռանա իր ակունքները, իր ազգային արժեքները, չի գնահատի իր հերոսներին, այդ ազգը դատապարտված է կործանման: Մեր ծնողներից, պապերից, նախապապերից մենք այս գեներն ու դաստիրակությունն ենք ստացել, և, կարծում եմ, բոլոր հայերը այդ գիտակցումն ունեն:
Արցախյան պատերազմի մեր բոլոր հերոսներն աներկբա գնացել են Թաթուլ Կրպեյանի ու մյուս հերոսների գործը շարունակելու:

Մենք որպես անհատ և որպես ազգ, որպես պետություն գիտենք և՛ մեր ուժեղ, և՛ թույլ կողմերը. մեր ուժը չի պակասել, սկզբունքներն ու գաղափարը չեն փոխվել: Մեծ հարված ենք ստացել, բայց մենք նույնն ենք մնացել և չենք կարող գլուխներս կախել, ընկճվել ու հիասթափվել:

Ողջ մնացածներս, իմ խորին համոզմամբ, մեր բոլոր հերսների կիսատ թողած գործերն ու նպատակները պետք է իրագործենք, մենք չունենք իրավունք մեր հերոսների նպատակներն ու երազանքներն անկատար թողնելու: Մենք մեր կյանքը պետք է այնպես ապրենք, որ երես ունենանք Թաթուլի և մեր մյուս հերոսների շիրիմներին այցելելու:

Ցանկաում եմ, որ ամեն մեկս ապրենք այնպես, որ մեր հայրենիքը դառնա հզոր. ուրիշ ոչ մի երկիր, որքան էլ ապրելու լավ պայմաններ ունենա, մեր հողից լավը չի կարող լինել: Օտար ափում մենք միշտ հյուր ենք լինելու:

Հայրենիքը լուռ են սիրում, գործով են սիրում. ճիշտ գործով, խելացի ձևով շենացնենք մեր հայրենիքը և ամեն ինչ լավ է լինելու:

 Փա՜ռք Թաթուլին, փա՜ռք մեր հերոսներին, փա՜ռք մեր ժողովրդին:
Թաթուլ Կրպեյանի քրոջ և եղբայրների հետ մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է նաև
Թաթուլ_Կրպեյանի տուն-թանգարան, որտեղ հերոսի հարազատների հետ վերհիշել են Հայաստանի #ազգային_հերոսի կյանքի փառավոր դրվագներն ու սխրանքները:

  • Կիսվել: