շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս փուլում Ադրբեջանի հետ պատերազմի վտանգներ տեսանելի չեն, մի անելիք ունենք՝ ապահովել բանակի թիկունքը. Պապիկյան

Այս փուլում Ադրբեջանի հետ պատերազմի վտանգներ տեսանելի չեն, մի անելիք ունենք՝ ապահովել բանակի թիկունքը. Պապիկյան

Այս պահին հսկայածավալ աշխատանք է կատարվում սահմանի կահավորման ուղղությամբ, այդ աշխատանքներն իմ անմիջական հսկողության տակ են: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այստեղ նույնպես մենք դիմել ենք պատվիրակված ծառայություններին։ Այս պահին մենք շուրջ 13 ընկերության հետ՝ հիմնականում ճանապարհաշինական ընկերությունների մասին է խոսքը, կառուցում ենք ճանապարհներ։ Սրանք բարձրլեռնային գոտիներում, դաշտամիջյան այն ճանապարհներն են, որոնք հասցնում են մինչև առաջնագիծ։ Սրա համար մենք խնդիր ունենք ամառվա ընթացքում ամբողջությամբ ապահովել և ճանապարհային ցանցը և առաջնագիծը։ Այսինքն՝ դրան զուգահեռ կատարվում են ինժեներական աշխատանքներ առաջնագծում՛՛:

Նախարարը վստահեցրեց, որ սահմանային կահավորման այն վիճակը, որը եղել է նախքան պատերազմը ՛՛այս տարեվերջին այլևս չենք ունենա՛՛։

Պապիկյանն անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակն: Այս առնչությամբ  նա նշեց, որ սահմանին որոշակի լարվածություն կա, թեև լինում է նաև Ադրբեջանի կողմից կեղծ տեղեկատվություն, թե ՀՀ ԶՈւ-ն խախտել է հրադադարը։

՛՛Որպես կանոն՝ ՀՀ ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտումը կանխում է՝ լռեցնելով հակառակորդին։ Այսինքն՝ եթե կա փոխհրաձգություն, ապա դա մեր նախաձեռնությամբ չէ։ Ես լիահույս եմ, որ նման կերպ կվարվեն հարևան երկրի ԶՈւ ներկայացուցիչները, և կկարողանանք փոքրիշատե այսօրվա խաղաղ վիճակը ապահովել և տանել կայուն խաղաղության՛՛,-նշեց նա։

Իսկ հարցին, թե արդյոք կա՞ն Ադրբեջանի կողմից կուտակումներ, կամ արդյոք կա՞ պատերազմի վտանգ, նախարարը պատասխանեց. ՛՛Ես չեմ կարող հիմա նման գնահատականներ տալ, ամեն դեպքում՝ ՀՀ ԶՈւ-ն պետք է պատրաստ լինի ապահովելու մեր սահմանների ապահովությունը։ Այս փուլում մեզ նման վտանգներ տեսանելի չեն՛՛։

Պապիկյանն անդրադարձավ նաև բանակում մարտական ոգու վիճակին և ասաց, որ պատերազմից հետո բարդ է վերականգնվելը, սակայն մարտական ոգին բավականին բարձր է։ ՛՛Եվ սրանում մենք մի անելիք ունենք՝ ամուր ապահովել բանակի թիկունքը, վստահել բանակին, ամենակարևորը՝ բանակը ակնկալում է վստահություն, աջակցություն, նաև բարոյական աջակցության մասին է խոսքը։ Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով՝ հասարակություն-բանակ օրգանական կապը մշտապես պիտի աշխատի՛՛,-ասաց նա։

 

  • Կիսվել: