կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր․ Աբրահամյան

Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր․ Աբրահամյան

ԱԺ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության  քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Զինված ուժերին վերաբերող օրենքի երկու նախագծերին՝ «Պաշտպան Հայրենյացին» և ԶՈՒ-ում ատեստավորման գործընթացին։

«Ատեստավորման հետ կապված օրենքի նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր, առաջին հերթին՝ նախագծում սահմանված չէ կառավարության այն որոշումը, որը կարգավորում է  ատեստավորման գործընթացը, այսինքն՝ ինչ չափորոշիչներով, ինչ սկզբունքներով է այն կատարվելու։ Այս գործընթացի ցանկացած խափանում, անարդարության ցանկացած դրսևորում Զինված ուժերում բերելու է շատ ավելի ծանր վիճակի, քան այսօր ունենք։ Բացի այդ, նույնիսկ ամենասկզբունքային և ամենաարդարացի ներդրման պարագայում  խրախուսման համակարգը պետք է ներդրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը հասցված է համապատասխան մակարդակի և մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարները ունեն համապատասխան վիճակ և չունեն այն վիճակը, որ ունենք այսօր»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով «Պաշտպան Հայրենյաց» նախագծին՝ պատգամավորը ասաց․

«Ծրագրի արդյունավետությունը մեծ հաշվով կախված է նրանից, թե իրականության մեջ ինչքանով է պետությունը տվյալ իրավիճակում թիկունք զինծառայողին, կարևոր է հականալ՝ ինչ միջավայր է ստեղծված ԶՈՒ ներսում՝ սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից, այսինքն ինչքանով ենք մենք խրախուսում երիտասարդներին դեպի ԶՈՒ գնալը»։

Պատգամավորը նշեց, որ այս ծրագրի իրատեսության, ԶՈՒ ներսում առկա իրավիճակի առումով որոշակի խնդիրներ է տեսնում։

«Այնուամենայնիվ, որպես պայմանագրային զինծառայողներին աջակցող ծրագիր, մենք կողմ ենք քվեարկել նախագծին, սա առաջին հերթին համարում ենք շանս բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը»,- ասաց Աբրահամյանը։

  • Կիսվել: