ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արթուր Դավթյանն այդպես էլ չի ընդունել զոհվածների ծնողներին, վաղը կրկին ակցիա կանեն դատախազության դիմաց

Արթուր Դավթյանն այդպես էլ չի ընդունել զոհվածների ծնողներին, վաղը կրկին ակցիա կանեն դատախազության դիմաց

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որոնք այսօր կրկին Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա էին արել, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդպես էլ չի ընդունել։ News.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողներից Մխիթար Գալեյանի հայրն ասաց, որ վաղը ժամը 12:00-ին կրկին գնալու են Գլխավոր դատախազություն։

«Մի քանի ժամ սպասեցինք, մեզ չընդունեցին, բայց մեր փաստաբանը մտավ Դատախազություն։ Հույս ունենք, որ մենք տուժողի իրավահաջորդի կարգավիճակ կունենանք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը և հանդիպում էին պահանջում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Նրանք նշել էին, որ փակ են պահելու փողոցն այնքան ժամանակ, քանի դեռ Դատախազը չի հանդիպել իրենց հետ։ Այնտեղ են եղել նաև «Հայաստան» խմբակցության  պատգամավորներ Արթուր Ղազինյանը, Արամ Վարդևանյանը։

Դատախազությունից առաջարկ է եղել, որ Արթուր Ղազինյանը բարձրանա Դատախազություն՝ ծնողների պահանջները քննարկելու, սակայն ծնողները մերժել են առաջարկը՝ նշելով, որ իրենք են ցանկանում հանդիպել դատախազի հետ։

Նշենք նաև, որ ապրիլի 26–ից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են արդար քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի աղետալի հետևանքների համար, նրան ներգրավվել որպես մեղադրյալ։

Ավելի վաղ գլխավոր դատախազությունից ծնողներին տեղեկացրել էին,  որ կոնկրետ վարչապետի մասով միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հինգ օր հետո միայն պարզ կլինի, թե ինչ գործողություններ են կատարվելու։

  • Կիսվել: