չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր, թշնամին, կրելով 60 զոհ հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

Ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր, թշնամին, կրելով 60 զոհ հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։ Այս մասին հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, հակառակորդը զրահատեխնիկայի ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով, սակայն, կրելով մեծ կորուստներ՝ մոտ 60 զինծառայողի և զգալի թվով զրահատեխնիկայի, հետ է շպրտվել։

«Այս պահին մարտերը շարունակվում են»,- նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի գործողություններին, իսկ այսօր ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել Վարդենիսի ուղղությամբ։

«ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին, րոպեներ առաջ հրապարակել ենք նյութեր, թե ինչպես է այրվում քաղաքացիական ավտոբուսը։ Օդուժ է կիրառվել նաև ՀՀ ԶՈւ-ի մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս պահին այդ ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են։ Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ սպասեք հուժկու պատասխանի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նաև նշեց, առաջին օրը, երբ Ադրբեջանը հասցրեց մասսայական օդային և հրթիռահետանային հարված, այդ օրն էլ Վարդենիսի ուղղությունը թիրախավորվել էր:

«Ճակատ բացելու մասին խոսակցությունը նոր չէ, առաջին իսկ օրվանից այս ճակատն օգտագործվել է իրենց կողմից: Փաստացի Հայաստան Հանրապետության տարածքը թիրախավորվել է հենց առաջին րոպեից և սա նորություն չէ»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ իրավիճակը շատ արագ է փոխվում, րոպեների ընթացքում կարող են հայտնվել նոր լուրեր։ Ըստ նրա, ՊՆ-ն ավելի ուշ գիշերային մարտերից մանրամասն տեղեկություններ կհաղորդի։

 

 

  • Կիսվել: