հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առաջարկվում է հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տուժած զինծառայողներին ևս փոխհատուցում տրամադրել

Առաջարկվում է հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տուժած զինծառայողներին ևս փոխհատուցում տրամադրել

ՀՀ ազգային ժողովում այսօր քննարկվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում: 

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացնելով նախագիծն, ասաց, որ առաջարկվում է՝  հիմնադրամի շահառու հանդիսանան ոչ միայն այն զինծառայողները, որոնք ուղղակիորեն մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք իրականացնելու ժամանակ վիրավորումը կամ կյանքի հետ անհամատեղելի վնասը ստացել են անմիջականորեն շփման գծում,  այլ նաև հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում կյանքին կամ  առողջությանը հասցված վնասի դեպքերում։

«Այսինքն, եթե  զինծառայողը վնասվածքը ստացել է հակառակորդի կողմից նախաձեռնած գործողության հետևանքով, ձեռք է բերել առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, կներառվի շահառուների ցանկում և կստանա հատուցում: Նա կներառվի շահառուների ցանկում՝ անկախ այն հանգամանքից, թե վնասը ստացել է մարտական հերթապահության ժամանակ, հատուկ առաջադրանք կատարելու արդյունքում, թե ոչ»,-ասաց Գաբրիել Բալայանը։

Փոխնախարարը հայտնեց, որ հատկացումները կլինեն բացառապես հիմնադրամից, այսինքն՝ հասարակության, աշխատող քաղաքացիների հաշվին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունեն՝ ասելով նախահարձակ գործողություն, Գաբրիել Բալայանը նշեց՝ դա այն է, որ դեպքը կարող է լինել նաև թիկունքում, զորամասում, երբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ կատարի կամ հրթիռակոծի, ինչի հետևանքով զինծառայողը ստանա առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն:

Ըստ նրա՝ 2008-ից մինչ այժմ նման խմբի 9 շահառու կա:

 

  • Կիսվել: