ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արագածոտնի մարզպետն այցելել է Մուղնու N զորամաս, շնորհակալագրեր ու պարգևներ հանձնել բարեխիղճ զինծառայողներին

Արագածոտնի մարզպետն այցելել է Մուղնու N զորամաս, շնորհակալագրեր ու պարգևներ հանձնել բարեխիղճ զինծառայողներին

Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի, ոլորտի մարզային կառույցների պետերի հետ այսօր առավոտյան Մուղնու N զորամասում էր՝ զինվորի կողքին, հայտնում են Արագածոտնի մարզպետարանից:

՛՛Համազգային տոնի առաջին շնորհավորանքը մարզպետը հղեց հայրենյաց պաշտպանի շարքերը համալրած նորակոչիկներին, ովքեր արդեն հիանալի տիրապետում են զինվորական կարգուկանոնին, աչքի են ընկնում հայ զինվորի խրոխտ կեցվածքով։ Այս ամենն այսօր նրանք ապացուցեցին տոնական օրվան նվիրված ցուցադրությանը։

Մինչ շնորհավորական ելույթների մեկնարկը, մարզպետի գլխավորությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 19-ին զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։

Զինվորներին, զինվորականներին ուղղված շնորհավորանքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ 1992 թ․ կազմավորված Հայոց բանակն իր պատմության ընթացքում կոփվել է, տեսել և՛ հաղթանակ, և՛ ծանր ու դժվարին օրեր, և այսօր էլ անսասան կանգնած է իր ազգի կողքին՝ որպես նրա անվտանգության երաշխավոր, որպես երկրի գոյության հուսալի առանցք։

«Բանակը մեզ համար ընտանիքի պես է, և մեզնից յուրաքանչյուրը նրան պետք է վերաբերվի որպես ընտանիքի անդամի։ Բարձր բարոյահոգեբանական ոգով ու նվիրումով շարունակեք ձեր ծառայությունը՝ ձեր անփոխարինելի ներդրումը բերելով բանակաշինության, բանակի հզորացման գործում»,-ասաց Սերգեյ Մովսիսյանը։

Հոգևորականի առաջնորդությամբ ներկաները միասնական աղոթք հնչեցրին առ Աստված՝ խաղաղություն, բարօրություն ու զորություն հայցելով։

Օրվա առիթով մարզպետն իր անունից շնորհակալագրեր ու մակագրված նվերներ հանձնեց զինվորական ծառայության մեջ աչքի ընկած, մարտական գործողությունների մասնակից, զինվորական պարտականությունները բարեխղճորեն կատարող սպաներին:

Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ, ուժ ու կորով զինվորիդ, զորեղություն բազկիդ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: