շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անորակ զենք-զինամթերք շուկայականից բարձր գներով գնելու իմ մեղադրանքը նախաքննությանը որևէ կերպ չի ապացուցվել․ Տոնոյան

Անորակ զենք-զինամթերք շուկայականից բարձր գներով գնելու իմ մեղադրանքը նախաքննությանը որևէ կերպ չի ապացուցվել․ Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն, ով կալանավորված է շուկայականից բարձր գներով անպիտան զինամթերք բանակի համար գնելու վերաբերյալ քրեական գործով՝ պարզաբանումներ է ներկայացրել այդ մեղադրանքների շուրջ։

Տոնոյանը մասնավորապես ասել է․

<<Ես հիմք չունեի չընդունել կամ անտեսել ենթակա անձնակազմի՝ Գլխավոր Շտաբի մասնագիտական եւ ոլորտի պատասխանատու կառույցների զեկույցները զինամթերքի շահագործման համար պիտանի լինելու, պահպանման եւ ծառայության ժամկետների երկարացման հնարավորության վերաբերյալ։ Մանավանդ որ զինամթերքի արտադրող եւ բազմաթիվ այլ երկրներում երկարացումն այդ երկրներում գործող կարգերով կատարվել էր, եւ նույն տարեթվերի (1988-1991թթ) արտադրության հրթիռները գտնվում են շահագործման մեջ։ Անգամ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չհաստատվեց հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով: Պարզ էր, որ փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը>>։

Տոնոյանն ավելի քան վստահ է, որ անգամ մեծ ցանկության դեպքում պարզապես անհնարին է լինելու հակադրվել անկախ մասնագիտական փորձաքննության արդյունքներին։

<<Ի դեպ, հրթիռների առգրավմամբ եւ նախաքննության ձգձգմամբ, ապա նաեւ դատաքննության երկարատեւ հեռանկարով պայմանավորված՝ խոչընդոտվելու է դրանց ժամկետների երկարացման հնարավորությունը, ինչն ավելի իրական վտանգ է ներկայացնում մեր բանակի համար, քան այն վնասը, որը փորձ է կատարվում մեղսագրել գործով անցնող անձանց>>։

Միաժամանակ նախկին ՊՆ նախարարը հարկ է համարում հիշեցնել, որ առաջադրված մեղադրանքում տեղ գտած այնպիսի ձեւակերպումներ, ինչպիսիք են «պաշտոնի բերումով տեղեկացված լինելով հրթիռների ժամկետներն անցած լինելու մասին», «նախնական համաձայնության գալով ՀՀ ԶՈՒ պաշտոնատար եւ այլ անձանց հետ», «շուկայականից էականորեն թանկ գնով», «շահադիտական դրդումներով», «հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռների ձեռք բերման իրական պահանջարկը» եւ այլն, քրեական գործով որեւէ կերպ չեն հաստատվել․ <<Ընդհակառակը, գործում առկա են դրանք հերքող բազմաթիվ ապացույցներ>>։

  • Կիսվել: