երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Անհրաժեշտ է հասկանալ, թե ԶՈւ ԳՇ-ի գեներալիտետի հայտարարության տակ է՛լ ինչ կա. Քոչարյան

Անհրաժեշտ է հասկանալ, թե ԶՈւ ԳՇ-ի գեներալիտետի հայտարարության տակ է՛լ ինչ կա. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի 3-4-րդ օրն արդեն նկատել է, որ լրջագույն խնդիրներ ունենք: Այս մասին նա ասել է իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ մենք այս պատերազմը ՛՛այսպես չպետք է պարտվեինք, ընդհանրապես այս պատերազմը չպետք է պարտվեինք՛՛։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հարց այն է, որ պետությունը լիարժեք չվերցրեց իր վրա այդ պատերազմի կառավարումը։ Սա է ամենից մեծ խնդիրը։ Ոչ մի բանակ չի կարող մեկ շաբաթից ավել պատերազմել։ Երբ սկսվում են նման ծավալի պատերազմներ, որպես կանոն բանակը, ըստ հաշվարկների, դիմանում է 5-ից 7 օր։

Եվ այդ ընթացքում սկսում է բանակի համալրումը։ Ամենամեծ խնդիրը հենց դա եղավ, որ առաջին մեծ հարվածը բանակն իր վրա ընդունեց, բայց շարունակելու համար պետք են ուղակի գործընթացներ կատարվեի, օրինակ՝ պետության աշխատանքը, թիկունքի աշխատանքը, բանակի համալրումը, ընդհանուր մոբիլիզացիան, ՄՈԲ ռեսուրսի ճիշտ կառավարումը… Բայց այս ամենը պարզապես տեղի չունեցավ: Հենց դա է պատճառը, որ առաջին 4-5 օրերի ընթացքում մեր վիճակն այնքան վատ չէր։ Ընդամենը հարավում և հյուսիսում փոքր կորուստներ ունեինք:

Հարավում մոտ 3-4 կմ 14 կմ կտրվածքով էր ֆրոնտը ճեղքել, եւ հյուսիսում մոտ 5 կմ կտորի վրա թշնամին առաջացել էր։ Դրանից հետո արդեն պետությունն իր ողջ ուժով պետք է մտներ խաղի մեջ, չմտավ, և հենց այդտեղից սկսվեց հետ նահանջը։ Այս ամբողջ գործընթացից եմ հիասթափված եւ չունեմ շատ հարցերի պատասխաններ, թե ինչու այսպես եղավ: Կարծում եմ, որ դրանց պատասխանները մենք ստանալու ենք հունիսի 21-ից հետո՛՛:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե Զինված ուժերի Գլխավոր շտաբի գեներալիտետի հայտարարության տակ է՛լ ինչ կա, քանի որ այն կարդալիս հասկացել է, որ բոլորը լիքը ասելիք ունեն։ Նրա տպավորությամբ՝ տեղի է ունեցել պլանավորված պարտություն։ ՛՛Պետք է հասկանանք, թե ինչն էր մոտիվացիան, ով էր պլանավորողը, ու ով էր այդ պլանավորած պարտությունն իրականացնողը՛՛,-ասել է Քոչարյանը:

  • Կիսվել: