շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ամեն ինչ ավարտված է» բնույթի ելույթները անարգում են զոհվածների հիշատակը. Դավիթ Տոնոյան

«Ամեն ինչ ավարտված է» բնույթի ելույթները անարգում են զոհվածների հիշատակը. Դավիթ Տոնոյան

Ես գիտեմ, որ որդի կորցրած ծնողին ոչ մի ձեւաչափով սփոփել հնարավոր չէ, բայց գիտեմ նաեւ, որ այն զինվորներն ու սպաները, դրսեւորելով զանգավածային հերոսություն, իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Նրանք արժանի են նրան, որ իրենց անունները ոսկե տառերով գրվեն մեր ազգի պատմության մեջ: Իրենք շատ հաճախ անում էին անհնարինը, որովհետեւ գիտակցում էին՝ ինչ բան է հայրենիքը: 1994-ից ի վեր, շատերս հաճախ չէինք պատկերացնում, թե որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում եւ ինչ առաքելություն ունենք: Այսօր էլ մեր հասարակությունը կարծում եմ՝ 1994-ի հաղթանակի կարեւորությունը չգիտակցեց եւ չգնահատեց այնպես, ինչպես պետք էր: Գոնե հիմա խոնարհվելով 2020-ի, ապա նաեւ 2021, 2022 թվականների մեր զոհված եղբայրների շիրիմների առջեւ, մենք պետք է հարգենք նրանց արածը:

Մենք պարտություն ենք կրել բոլոր առումներով անհավասար մարտում, բայց դա որեւէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի ազգային  արժանապատվության հետ: Մարդկանց թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն պետք է դասեր քաղել եւ օրուգիշեր աշխատել, ծառայել: Մենք չափազանց բարձր գին ենք վճարել, հազարավոր զոհեր ենք տվել, իսկ «ամեն ինչ ավարտված է» ոճով ելույթներն անարգում են նրանց հիշատակը»,-ասաց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ պետք է գտնել արժանապատիվ կյանքի վերադառնալու ճանապարհը:

«Նրանք իրենց կյանքը չեն տվել նրա համար, որ մենք բարձր ամբիոններից ելույթներ լսենք այն մասին, որ ամեն ինչ վերջացած է եւ պետք է համաձայնենք մեզ պարտադրվող բոլոր պայմաններին»,-ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը:

  • Կիսվել: