Աղքատների բանակ չի լինելու, հակառակը. Հայկ Սարգսյան
Ով է ասել, որ ՔՊ–ի ներսում տարածայնություն կա, քննարկումը խոսում է այն մասին, որ նյութը շատ կարևոր է, դրա համար անընդհատ քննարկումներ ենք անցկացնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 29–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախաձեռնած աղմկահարույց օրինագծին, որով առաջարկվում է 2 տարի ծառայելու փոխարեն վճարել 24 մլն դրամ եւ ծառայել մեկ ամիս, կամ վճարել 18 մլն դրամ եւ ծառայել 4 ամիս։
Մեղադրանքին, որ այս նախագծով աղքատների բանակ են ստեղծում, նա արձագանքեց. «Ես մանրամասն մի քանի անգամ պատասխանել եմ այդ հարցին, վաղը կհրավիրեմ լրագրողներին, եթե ժամանակ կունենաք, կգաք, էլի կպատասխանեմ ձեր հարցերին։ Աղքատների բանակ չի լինելու, հակառակը, նախագծի նպատակն այն է, որ լինի բանակը բոլորի համար, ծառայեն նաև հարուստները և միջին խավը»։
Նշենք, որ այսօր ՔՊ–ում փակ հանդիպում է նախատեսված այդ թեմայով, որին մասնակցելու է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։