երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել վարձկանների կիրառման աշխատանքային խմբի խնդրանքին

Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել վարձկանների կիրառման աշխատանքային խմբի խնդրանքին

Բաքուն դեռեւս չի արձագանքել վարձկանների կիրառման հետ կապված Ադրբեջան այցելած աշխատանքային խմբի խնդրանքին։ Այս մասին փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Աշխատանքային խմբի ներկայացուցիչ Ելենա Ապարակը։

Սա խմբի առաջին այցն է Հայաստան, հանդիպումներ են տեղի ունեցել կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ փորձագետների հետ։ Տեղեկությունները հավաքվել են, նախնական հաշվետվությունը պատրաստ է, վերջնական հաշվետվությունը պատրաստ կլինի ամռանը։ Խումբը եղել է նաեւ Գորիսում եւ Կապանում։

Աշխատանքային խմբի ղեկավար Ռավիդրան Դենիել Ջասթինը նշել է, որ ՄԱԿ-ի փորձագետները գնահատում են Հայաստանի կողմից վարձկանների կիրառմանը հակազդելու պարտավորությունների կատարումը։ Հայաստան կատարած 8-օրյա այցի ընթացքում խումբը տեղեկատվություն է հավաքել վարձկանների, մասնավոր անվտանգության ընկերությունների խնդրի վերաբերյալ։ Հայաստանն աչքի է ընկնում իր ջանքերով ՄԱԿ-ի կոնվենցիաների պահանջները հանրապետության օրենսդրության մեջ արտացոլելու հարցում, ընդգծել է խմբի ղեկավարը։ Նա նշել է, որ խմբին տեղեկություններ են տրամադրվել 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից օգտագործված եւ Կապանի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայից երկու վարձկանների դատավարության մասին։ Խմբի ղեկավարը ողջունել է նաեւ մասնավոր պահնորդական ընկերություններին վերաբերող օրենսդրության փոփոխությունները, որոնք բարձրացնում են ոլորտի թափանցիկությունն ու վերահսկելիությունը։

Արձանագրված խախտումների հետեւանքների եւ պատասխանատվության առնչությամբ Ելենա Ապարակը նշել է, որ մանդատը ենթադրում է տեղեկատվություն ստանալ եւ դրա հիման վրա պատասխանատու կողմին նշել՝ «մեղադրական նամակների» միջոցով։ Դրանք կարող են ուղարկվել ինչպես պետություններ, այնպես էլ կազմակերպություններ: Այս նամակներն ու պատասխանները գաղտնի են 60 օր, որից հետո դառնում են հրապարակային։

Հայաստան այցը հենց խումբն էր խնդրել։ Այցի ընթացքում հնարավոր չի եղել հանդիպել սիրիացի դատապարտված վարձկանների հետ։

Ինչ վերաբերում է Ադրբեջան այցին, խումբը հանդես է եկել խնդրանքով. Բաքուն դեռեւս չի արձագանքել, չի հրաժարվել այցից, սակայն ընդունել եւս չի համաձայնել։

  • Կիսվել: