ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի սադրանքը այդ երկրում ներքին իրողությունների հետևանք է ․ Քաղաքագետ

Ադրբեջանի սադրանքը այդ երկրում ներքին իրողությունների հետևանք է ․ Քաղաքագետ

Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, որը առաջացել է արդյունքում, այդ երկրում ներքին իրողությունների հետևանք է, InfoPort.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։ Նրա ներկայացմամբ, Ադրբեջանում վերջին երեք ամիսներին սոցիալ-տնտեսական խնդիրները բավական սուր են՝ նավթի համաշխարհային գների անկմամբ և կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված։

 «Ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմը փորձում էր ակտիվացնել թշնամու կերպարը և ռազմական հռետորաբանությունը, որպեսզի շեղեր հանրության ուշադրությունը երկրի ներսում առկա խնդիրներից։ Սակայն կարծես դա բավարար չեղավ և դիմեց առավել ծայրահեղ միջոցի՝ սադրանքներ նախաձեռնելով ՀՀ պետական սահմանների ուղղությամբ», - նկատեց քաղաքագետը։ Այս պարագայում հայկական կողմի կոշտ արձագանքը, ըստ Մինասանի, անսպասելի էր ադրբեջանական կողմի համար։

«Ադրբեջանական կողմը անակնկալի է եկել հայկական կողմի կոշտ արձագանքից և փաստացի ունենք մի իրավիճակ, երբ ադրբեջանական կողմի սադրանքը աշխատեց ի վնաս իրեն, որովհետև ստեղծված իրավիճակում Ադրբեջանն ունի մի քանի զոհ, մեծ թվով վիրավորներ, տեխնիկայի և ըստ որոշ աղբյուրների, անգամ նաև տարածքային, դիրքային կորուստներ», -հավելեց Նարեկ Մինասյանը։

 

Նրա խոսքով, ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իրենց մտադրությունից, հետևաբար նման հարձակումներ դեռ կլինեն։ «Ադրբեջանը պարբերաբար ձեռնարկելու է նման քայլեր՝ շոշափելու հայկական կողմի հնարավորությունները, հնարավոր արձագանքը։ Ավելին, Ադրբեջանի իշխանությունները, ինչպես նախկինում, այժմ ևս շարունակելու են ղարաբաղյան հակամարտությունը օգտագործել՝ երկրի ներսում սեփական դիրքերը ամրապնդելու և իշխանությունը պահելու համար։ Քանի դեռ այդ երկրի իշխանությունները չեն հրաժարվել իրենց ռազմական ճանապարհով խնդրի կարգավորման տարբերակից, մենք պետք է մշտապես պատրաստ լիեննք նման սցենարների», -հավելեց քաղաքագետը։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Հայկական կողմից կորուստներ չկան:

  • Կիսվել: