երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել. պաշտպանության փոխնախարար

Ադրբեջանի կողմից առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել. պաշտպանության փոխնախարար

Սրանից 30 րոպե առաջվա դրությամբ եւ այս պահին եւս իրավիճակը հարաբերականորեն կայուն է, այս պահին որեւէ զինատեսակից կրակոցներ չկան: Այդ մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Երասխի ուղղությամբ Ադբեջանի կողմից կատարվող գործողություններին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Որոշակի լարվածության միտում նկատվում էր, վերջին օրերին ադրբեջանական մամուլը եւ առհասարակ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում եւ որպես կանոն, դրան հաջորդում է որոշակի քայլեր: Մենք հնարավորինս օպերատիվ տեղեկատվություն տրամադրում ենք եւ կշարունակենք տրամադրել»,-ասաց նա:

«Թե թիրախավորել են կոնկրետ այդ քաղաքացիներին, կամ գործարանը, կամ ինչ-որ տեխնիկա, եւ դրա արդյունքում վնասվել են այդ քաղաքացիները, կպարզվի հետագայում, որի վերաբերյալ լրացուցիչ հաղորդագրությամբ հանդես կգանք»,-ասաց նա:

Անդրադառնալով վիրավորված երկու օտարերկրացիներին, Արման Սարգսյանն ասաց, որ նրանք գտնվում են քաղաքացիական բուժհաստատություններում եւ նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտա առողջապահության նախարարությունը:

Հարցին, թե արդյոք սրանով Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի համար հող է նախապատրաստում, փոխնախարարն ասաց. «Չեմ կարող ասել լայնածավալ գործողությունների վերածվելու, թե ինչ-որ լրացուցիչ էսկալացիային ուղղված քայլեր իրականացվում են, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացին եւ բացասական հետեւանքներ է առաջացնում եւ վնասում այդ գործընթացին, դա ակներեւ է: Որպես կանոն նմանատիպ դեպքերում, որոշակի էսկալցիայի համար հող նախապատրաստելուց հետո ձեռագիրը կարծես նույնն է, եւ նորից շարունակում են փոքր լոկալ խնդիրներ ստեղծել»:

Հարցին, թե արդյոք Երասխում ադրբեջանցիներն առաջ գալու միտում ունեցել են, Արման Սարգսյանը պատասխանեց. «Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ դրանք հեռահար կրակոցներ են, և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել: Ամեն դեպքում, որևէ խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի երկրում, որն անընդհատ կարծես սովորել է այս լարված իրավիճակում ապրելուն: Պետք է լինենք զգոն, ամեն դեպքում վստահ, որ մեր զինված ուժերը և ուժային ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան, սակայն ցանկալի չէ սրել, և մենք հույս ունենք, որ այս ապակառուցողական մոտեցումը ադրբեջանական զինված ուժերի և այդ շրջանակների կողմից վերջ կունենա»,- ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ ոչ միայն ՊՆ-ն, այլև ԱԳՆ-ը և բոլոր շահագրգիռ պետական մարմիններն այս երևույթին արձագանքում են: «Անընդհատ մենք տեղեկատվություն տրամադրում ենք, տեղեկատվության վերլուծությամբ ակնհայտ կդառնա, թե որն է իրական նպատակը: Սակայն նպատակը, կարծում եմ, լարվածություն ստեղծելն է, և, փառք Աստծո, որ մենք զոհեր կամ ավելի լուրջ վնասվածներ չունենք: Այլ մանրամասների չեմ տի րապետում»,- ասաց Արման Սարգսյանը:

Ինչ վերաբերում է բանակի՝ ադրբեջանական գործողություններին պատրաստ լինելուն, ապա նա նշեց հետևյալը. «Բանակն ունի իր առջև դրված խնդիրները, և, ըստ իրադրության, այդ խնդիրները փոխվում են: Ամեն դեպքում, բանակը պատրաստ է և պարտավոր է համարժեք արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլի»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 14-ին, ՊՆ-ից հայտնել են, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: ՊՆ-ից հայտնել են նաև, որ այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով  կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ  ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը:

  • Կիսվել: