ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի պատասխաններն ավելին շատ մեզ են պետք, քան ընդդիմությանը. Ալեն Սիմոնյան

44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի պատասխաններն ավելին շատ մեզ են պետք, քան ընդդիմությանը. Ալեն Սիմոնյան

Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովը լինելու է և գործելու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք մի ծիծաղելի խնդիր ունենք. ունենք պատգամավորներ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր խմբակցություններից, որոնք մինչև օրս, օրինակ՝ գաղտնիության հետ կապված՝ իրենց փաստաթղթերը չեն ներկայացրել և չեն ստորագրել: ԱԺ հանձնաժողովը ձևավորման փուլում է, դեռ ավարտված չէ, բազմաթիվ գործընթացներ կան, որոնք դեռ ավարտին հասցված չեն: Հայտարարությունն արել եմ ես: Այդ հանձնաժողովը, բնական է, լինելու է և գործելու է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ պատերազմի հենց հաջորդ օրվանից քաղաքական իշխանությունը կարելի է ասել բոլոր հարվածները վերցրել է իր վրա. «Դուք հիշում եք, որ քաղաքական պրոցեսի մեջ ներգրավվեց բանակը, եւ նույնիսկ այդ ժամանակահատվածում չեղավ մի դեպք, երբ ես, վարչապետը կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա փորձ աներ ինչ-որ բան բարդել...: Գնահատականները միշտ եղել են քաղաքական: Աներկբա է, որ այն պատասխանատվությունը, որ կարելի էր այս կողմ, այն կողմ նետել, թե վարչապետը, թե քաղաքական թիմը իր վրա է վերցրել, եւ ասել՝ մեր պատասխանատվությունը մեծ է եւ կա»:

Հարցին, թե պատրա՞ստ է իշխանությունը քննիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը զիջել ընդդիմությանը, քանի որ նրանք պնդում են, որ եթե նախագահն իշխանությունից լինի, արդար քննություն չի լինի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե այդպես լիներ, նման ֆորմատներ նախատեսված չէին լինի: Կարող են նաեւ ասել՝ դե թող իշխանությունները չգան Ազգային ժողով, որովհետեւ իրենք մեծամասնություն են, ու մենք չենք կարող օրենք անցկացնել; Դա արդարացում է սեփական աշխատանքը չանելու կամ գիտակցելով, որ միգուցե այդ աշխատանքն իրենց ուզած արդյունքնենրին չի բերելու: Այդ հանձնաժողովի պատասխաններն ավելին շատ մեզ է պետք, քան ընդդիմությանը»:

Հիշեցմանը, որ քառօրյա պատերազմի հարցերով հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հանրությունը ոչինչ չիմացավ, ԱԺ նախագահն արձագանքեց. «Երբ եզրակացությունը հրապարակվի, այդ ժամանակ դուք կասեք ձեր հարցը, ես կասեմ իմ պատասխանը»:

Վերջինս նշեց, որ ինքը զերծ կմնա Դավիթ Տոնոյանի հետ կապված մեկնաբանություններից․ «Առնվազն երկու պատճառ կարող եմ բերել. մենք իրար հետ աշխատել ենք եւ երկրորդ, քրգործի մասով իմ կարգավիճակը ինձ թույլ չի տալիս հավելյալ մեկնաբանություն անել»։

  • Կիսվել: