կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
2018-20-ին տարեկան կտրվածքով ավելի շատ գումարներ են հատկացվել պաշտպանությանը, բայց արդյոք այդ գումարները նպատակայի՞ն են օգտագործվել, թե՞ մսխվել են. Սարգսյան

2018-20-ին տարեկան կտրվածքով ավելի շատ գումարներ են հատկացվել պաշտպանությանը, բայց արդյոք այդ գումարները նպատակայի՞ն են օգտագործվել, թե՞ մսխվել են. Սարգսյան

ՀՀ ներկայիս ղեկավարները կարող են առանց ամոթի նշույլի նայել դիմացինի աչքերի մեջ և ստել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե 2018-20 թթ.Հայաստանն ավելի շատ զենք ու զինամթերք է գնել, քան նախորդ տասը տարիների ընթացքում։

Սարգսյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Իհարկե, լկտի սուտ է։ Եվ ընդհանրապես՝ պետք է ասեմ, որ Հայաստանի ներկայիս կառավարիչների ամենաուժեղ կողմը ամոթ չունենալն է։ Նրանք կարող են առանց ամոթի նշույլի նայել դիմացինի աչքերի մեջ և ստել։ Այս առումով ավելացնելու որևէ բան չունեմ։

Իմ կարծիքով՝ նրանք ընդամենը երկու հայտարարություն են արել, որոնցով ղեկավարվել են։ Առաջինն այն էր, որ ասացին՝ իրենք իրենց գժի տեղ կդնեն և Մադրիդյան սկզբունքները ՛՛վարի կտան՛՛ և այդ սկզբունքներով չեն առաջնորդվի։ Երկրորդը՝ պատերազմի առաջին օրը նրանք հայտարարեցին, որ ինչ էլ լինի, իրենք իրենց պարտվող չեն համարելու։ Այս երկու հայտարարությունները տեսանք, թե ինչ արհավիրքներ բերեցին մեր երկրին՛՛։

Անդրադառնալով սպառազինության մասին հարցին՝ Սարգսյանը նշեց. ՛՛Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա առանց շատ բան բացահայտելու ասեմ հետևյալը, որ իր նշած տարիներին մենք երևի թե մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք ենք օգտագործել, քան իրենք ձեռք են բերել այդ երկու տարիների ընթացքում։ Ուզում եմ հիշեցնել նրանց, ովքեր կամ անտեղյակ են կամ հիշողության կորուստ ունեն, որ այդ ժամանակաշրջանում մենք տարածաշրջանում միակն էինք, որ ունեինք Ս-300-ի դիվիզիոններ, մենք ունեինք արդեն մեծ հեռահարության հրթիռներ, մենք այդ ժամանակահատվածում ձեռք ենք բերել 100-ից ավելի ծանր զրահատեխնիկա, հարյուրավոր ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներ, տասնյակ հազարներով մեծ տրամաչափի զինամթերքներ, 100 միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք, էլ չեմ խոսում Իսկանդերի ու այլ հզոր զենքերի մասին։ Իսկ իրե՞նք ինչ են ձեռք բերել՛՛:

Շարունակելով թեման՝ Սարգսյանն ասաց, որ ներկայիս իշխանությունը ձեռք է բելեր միայն ինքնաթիռներ, որոնք այդպես էլ օգուտ չտվեցին, ինչպես նաև, իր խոսքով, մի քանի տասնյակ հին, արժեքը կորցրած զինամթերք։

՞՛Փոխանակ վերացական բաներ ասելու՝ իրենք շատ հանգիստ կարող են ասել՝ իրենք այս 10 կամ 20 տարում այսքանն են ձեռք բերել, մենք՝ այսքանը՛՛,-ասաց Սարգսյանը։

Ըստ նրա՝ գրագետ մարդը, որը տիրապետում է ռամական գործին, շատ լավ գիտի, թե ինչպես կարելի է համեմատել սպառազինություններն ու ռազմամթերքը։

՛՛Ճշմարտությունը հետևյալն էր, որ այդ 2018-20 թվականներին տարեկան կտրվածքով ավելի շատ գումարներ են հատկացվել պաշտպանությանը, բայց արդյոք այդ հատկացված գումարները նպատակայի՞ն են օգտագործվել, թե՞ մսխվել են։ Մենք շատ ավելի փոքր հնարավորություններ ունեինք զուտ գնումներ կատարելու, բայց մենք նաև մեծ հնարավորություններ ունեինք և այդ հնարավորությունները մինչև վերջ օգտագործել ենք ռազմատեխնիկական աջակցություն ստանալու համար՛՛,-ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը:

  • Կիսվել: