չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
20-ամյա Էլֆիկը նահատակվեց՝ փրկելով մարտական երկու ընկերների կյանքը․ ուսանողի մասին պատմում են Շիրակի պետհամալսարանից

20-ամյա Էլֆիկը նահատակվեց՝ փրկելով մարտական երկու ընկերների կյանքը․ ուսանողի մասին պատմում են Շիրակի պետհամալսարանից

Արցախյան պատերազմում նահատակվել է Շիրակի պետական համալսարանի իրավագիտություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Էլֆիկ Մկրտիչի Ավետիսյանը։ Ինչպես տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքից, 20-ամյա Էլֆիկ Ավետիսյանը Շիրակի մարզի Հայկավան համայնքից է, ժամկետային զինծառայող։

Համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանն Aravot.am-ին պատմեց, որ Էլֆիկը մարտական առաջադրանք կատարելիս է եղել, երբ տեսել է երկու ընկերների կյանքին վտանգ է սպառնում, կանգնել է դիրքում, որ զգուշացնի նրանց, իրեն են խփել, ընկերները փրկվել են։ Օֆելյա Հովհաննիսյանը նրան բնութագրում է որպես շրջահայաց, հավասարակշիռ ու պատասխանատու անձնավորության։ 

«Քույրը ևս մեր ուսանողուհին է եղել, համեստ, շնորհքով ընտանիքի զավակներ են։ Աչքիս առաջ Էլֆիկի վեջին հրաժեշտն է դեկանատում, բանակ գնալուց առաջ մտավ, ցտեսություն ասելու, ասացի՝ Աստված քո հետ, երկու տարի հետո լայնաժպիտ կդիմավորեմ քեզ: Հունվարի 29-ին պիտի զորացրվեր․․․»,-սգում է դեկանը։ Էլֆիկը տան, ավելին՝ գերդաստանի միակ արու զավակն էր, ունի երկու քույր։

  • Կիսվել: