հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«168 ժամ»․ Որոշվել է, որ «Օրսիսը» պիտի հաղթի «Բերետտային»՝ հանուն սեփական բիզնեսի

«168 ժամ»․ Որոշվել է, որ «Օրսիսը» պիտի հաղթի «Բերետտային»՝ հանուն սեփական բիզնեսի

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխգնդապետ Արթուր Գալստյանը, որը բաժնեմաս ուներ  «ORSIS ARMS» ընկերությունում, եւ իր հորեղբոր տղան՝ Վիլեն Գալստյանը, որն աշխատում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի (ԳՇ) սպառազինության վարչությունում,  զենքերի  մատակարարման մրցույթների կազմակերպման հարցերում կարողանում են  «ֆռռացնել» բոլորին՝ մինչեւ անգամ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին,  Պաշտպանության նախարարին, փոխնախարարին, քանի որ կան մասնագիտական նրբություններ:

Սա վերաբերում է նաեւ «Օրսիսի» ապրանքատեսակներին եւ շատ այլ մրցույթների:

Մասնավորապես, «Օրսիսը» հերթական խմբաքանակն է ցանկացել մատակարարել ՊՆ-ին, պայմանագիրը պետք է արդեն կնքվեր անցած տարի, իսկ մրցակից թիմը՝  «Ասպար Արմսը», ներկայացրել է մրցույթին իտալական բարձրակարգ հրացան՝ «Բերետտա»:

Երբ որոշել են այս երկու ընկերությունների ապրանքները փորձարկել՝ որոշելու, թե որն է ավելի լավը, արդյունքում «Բերետտային» հաղթել է «Օրսիսը», ինչը լուրջ փորձագետները, անշուշտ, աբսուրդ են համարում: Բայց դա, ըստ մեր աղբյուրների, զարմանալի չէ, քանի որ Վիլեն Գալստյանի ուղիղ վերահսկողությամբ են կատարվում փորձարկումները, նա է կազմում տեխբնութագրերը, ինչի արդյունքում իրենց ընտանեկան կամ մերձավորների անուններով գրանցված բիզնեսների հետ չառնչվող ընկերությունները դուրս են մնում մրցույթից, թեպետ ավելի բարձր պահանջներ բավարարող ապրանքներ են ներկայացնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: