հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Վանաձորի արվեստի և գյուղատնտեսական քոլեջների հիմնանորոգման աշխատանքներին

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Վանաձորի արվեստի և գյուղատնտեսական քոլեջների հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Լոռու մարզի Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Ուսումնական հաստատությունների վերանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարին ուղեկցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը:

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2017 թ.-ից: Շինարարական աշխատանքներն ավարտված են. այժմ արդյունքների հանձնման-ընդունման փուլն է: Ընթացքի մեջ է նաև գույքի և ուսումնական լաբորատորիայի ձեռքբերումը: Կառավարության որոշմամբ դրամաշնորհային ծրագրով հատկացվել են դրամական միջոցներ «Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին՝ լսարանային, մարզական, վարչական գույքի ձեռքբերման համար:

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին և ներկայացրել որոշ դիտողություններ և դիտարկումներ՝ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով: Նախարարը հատկապես ընդգծել է, որ ներառականության ապահովման չափանիշների պահանջն ապահովված չէ, ինչն անթույլատրելի է: Նա հանձնարարել է շինարարական կազմակերպության ավարտական ակտն ընդունելիս հաշվի առնել բոլոր բացթողումները և հետևողական լինել, որպեսզի դրանք շտկվեն և վերացվեն: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև քոլեջի ընդհանուր գործունեությանն առնչվող մի շարք խնդիրների:

Նախարարի հաջորդ կանգառը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղն էր, որտեղ հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2019 թվականից:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍՆ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի` միավորվելով «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:

Այս ուսումնական հաստատության շենքը շահագործման կհանձնվի 2023 թ. սեպտեմբերից: Նախարարը հետաքրքրվել է իրականացված և նախատեսվող աշխատանքներով` կարևորելով հատկապես ջեռուցման համակարգի, մարզադահլիճի, ուսումնական և արտադրական լաբորատորիաների հագեցվածության և կահավորման հարցերը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Մերի Գրիգորյանը տեղեկացրել է, որ քոլեջի բակում նախատեսվում է տարբեր մշակաբույսեր աճեցնել` դրանք հետագայում ծառայեցնելով ուսումնական արտադրական պրակտիկաների կազմակերպման համար:

Կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունը պետական միջոցների հաշվին  կհամալրվի նաև լսարանային, լաբորատոր և գրասենյակային գույքով:

Նախարարը 2 հաստատությունների ղեկավարներին հանձնարարել է գույքի ձեռքբերման գործընթացը հնարավորինս արագ կազմակերպել՝ սեպտեմբերին ուսումնական տարին նոր միջավայրում սկսելու նպատակով:

  • Կիսվել: