ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վերականգնվում է Արտանիշի պեղումներից հայտնաբերված մարդաբանական նյութը (լուսանկարներ)

Վերականգնվում է Արտանիշի պեղումներից հայտնաբերված մարդաբանական նյութը (լուսանկարներ)

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվում  են  2019 թ․ հուլիսին  Արտանիշում՝ իրականացված պեղումներից հայտնաբերված մարդաբանական նյութերը։ Այս մասին տեղեկանում ենք Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի կայքից:

ՀՀ  ԳԱԱ  Հնագիտության և Ազգագրության, նաև՝ ՀՀ  ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտների համատեղ արշավախմբի կազմում /համաղեկավարներ՝ պ․գ․ թ․ Արսեն Բոբոխյան և ե․գ․թ․  Արշավիր Հովհաննիսյան/ ընգրկված է եղել նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաշվառման ու պահպանման բաժնի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

Հնագիտական արշավախումբը նախորդ տարի պեղել է երկու դամբարան, մեկը՝ անհատական, մյուսը՝ խմբային թաղումներով։ Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի խոսքով, հետաքրքիր էր հատկապես խմբային թաղումը, քանի որ մի դամբարանում շուրջ 30 մարդկային կմախք են հայտնաբերել։

Մ․ թ․ ա․ 7-6 դարերով թվագրվող մարդաբանական նյութի մեջ կան նաև մանկական կմախքներ։ Հնամարդաբանն ասում է, որ գանգերից մեկը վերականգնվել է շուրջ 30 բեկորից։  Արդեն մասնակի վերականգնվել է 14 գանգ, որից  3-ը՝ մանկական։

Հասմիկ  Սիմոնյանի փոխանցմամբ, աշխատանքների ավարտին և հնագետների հետ նեղ մասնագիտական քննարկումների արդյունքում կունենան ավելի հստակ պատկերացում դամբարանի պեղված հատվածի մասին։ Մասնավորապես՝ սեռատարիքային պատկերը, ինչ թաղման ծեսի մասին է խոսքը և այլն։

Հնագիտական արշավախումբն այս տարի էլ պեղումներ կիրականացնի Արտանիշում։

  • Կիսվել: