հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վահրամ Դումանյանը հանդիպել է Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավար Մարտին Հիրսչի հետ

Վահրամ Դումանյանը հանդիպել է Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավար Մարտին Հիրսչի հետ

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակում Փարիզ կատարած այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավար Մարտին Հիրսչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հայ և ֆրանսիացի  ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության հիմքով Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորվել են միջպետական մակարդակի առանձնահատուկ հարաբերություններ: Նա խորին շնորհակալություն է հայտնել նաև պատերազմի օրերին Ֆրանսիայի ցուցաբերած բժշկական աջակցության համար՝ ուղղված հայ զինվորներին: 

Ֆրանսիայի կողմից ցուցաբերվող աջակցության շրջանակում մեծապես կարևորվել է Հայաստանում վերականգնողական բժշկության զարգացումը, որի արդյունքում հնարավոր կլինի նաև վերափոխել կրթահետազոտական ծրագրերը և ստեղծել հիմնարար պայմաններ Հայաստանում զարգացնելու բժշկական կրթությունը և հետազոտությունը՝ բարձրացնելով այն որակական նոր մակարդակի: 

Նախարարը համոզմունք է հայտնել, որ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի հետ համագործակցության շրջանակում հնարավոր կլինի նաև կատարելագործել բժիշկների շարունակական վերապատրաստման գործընթացները, ինչի արդյունքում կստեղծվի լիարժեք և ժամանակի հետ համընթաց բժիշկ մասնագետների կարողություն:  

Վահրամ Դումանյանը նշել է, որ Երևանում այս տարի՝ հոկտեմբերի 13-ից 15-ը, կայանալու է ֆորում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորների խնամքի ուղղությամբ, որին ակնկալվում է 150-ից ավելի անձանց մասնակցություն, այդ թվում՝ Ֆրանսիայից: Ֆորումին ներկայացվելու են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության մեկ տարվա արդյունքները, որոնք կներառվեն նաև կրթահետազոտական ծրագրերի վերանայման գործընթացներում:        

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարը կենտրոնի ղեկավարին հրավիրել է Հայաստան և այցեր կատարել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ու համալսարանական հիվանդանոցներ: Մարտին Հիրսչի այցի ընթացքում լավագույնս կներկայացվի Հայաստանի բժշկական կրթության ողջ ներուժը:

  • Կիսվել: