կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուզում ենք խոհանոցի միջոցով ցույց տալ, թե ինչպիսի հոգեկերտվածք ունի հայ ժողովուրդը․ Դսեղում կանցկացվի «Ուտելի բույսերը՝ հայկական խոհանոցում» 4-րդ փառատոնը

Ուզում ենք խոհանոցի միջոցով ցույց տալ, թե ինչպիսի հոգեկերտվածք ունի հայ ժողովուրդը․ Դսեղում կանցկացվի «Ուտելի բույսերը՝ հայկական խոհանոցում» 4-րդ փառատոնը

Արդեն 4-րդ տարին է, որ Լոռու մարզում, Դսեղ համայնքում իրականացվում է «Ուտելի բույսերը՝ հայկական խոհանոցում» փառատոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը՝ ներկայացնելով  հուլիսի 22-ին Դսեղում «Ուտելի բույսերը՝ հայկական խոհանոցում» փառատոնի կազմակերպման շարժառիթները:

«Այս տարի պատիվ ունեցանք ունենալու նաեւ Զբոսաշրջության կոմիտեի իսկապես գործընկերային աջակցությունը, ոչ միայն ֆինանսական:

Մենք ուզում ենք խոհանոցի միջոցով ցույց տալ, թե ինչպիսի ավանդույթներ կան, ինչ հոգեկերտվածք ունի հայ ժողովուրդը: Պիտի փաստեմ, որ ի շարք բազում խոհանոցների, հայկական խոհանոցն իր ուրույն եւ բազմազան  համն ու հոտն ունի: Ցանկացած զբոսաշրջիկի համար հենց խոհանոցի տպավորությունների հաշվին էլ Հայաստանն առանձնացնում է այլ երկրներից: Նպատակը նաեւ իրադարձային տուրիզմի խթանումն է»,-ասաց նա:

Արփինե Հակոբյանը նկատեց, որ մեր խոհանոցի մեծ մասը ուտելի բույսերն են. «Պատմությունը ցույց է տալիս, որ բացի մշակովի բույսերից, մենք միշտ զուգահեռ օգտագործել ենք նաեւ վայրի բուսատեսակները, իսկ Հայաստանում աճում է ավելի քան 3 500 տեսակի բուսատեսակ, որից 300 անուն տեսակը օգտագործվում է խոհանոցում: Այդ բույսերից 2500-ը բուժական նպատակներով են օգտագործում: Բացի այդ, Լոռին ասոցացվում է «գոլի» հետ, բույսի հետ, եւ փորձում ենք այցեքարտային փառատոն ձեւավորենք Լոռիում»,-ասաց նա:

 

  • Կիսվել: