հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուժեղ բքի պատճառով Սուրբ Հովհաննես մատուռի վնասված տանիքը առաջիկայում կվերանորոգվի

Ուժեղ բքի պատճառով Սուրբ Հովհաննես մատուռի վնասված տանիքը առաջիկայում կվերանորոգվի

SHAMSHYAN.com-ը փետրվարի 6-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռը ամբողջովին վնասվել է:

Այսօր՝ փետրվարի 6-ին SHAMSHYAN.com-ը էլեկտրոնային նամակ է ստացել Գուգարաց թեմից, որում նշված է. «Փետրվարի 5-ի լուսադեմին քամուց պոկված ու վթարված Սուրբ Հովհաննես մատուռ-սրբավայրի տանիքի վերականգնման աշխատանքները կսկսվեն մոտ ապագային, երբ թույլատու կլինեն եղանակային պայմանները: Նկատի ունենալով ուխտավորների անդադար հոսքը դեպի նշանավոր սրբատեղի՝ Գուգարաց թեմը հանձն է առել կատարել սրբավայրի ծածկի հիմնանորոգությունը: Այս կապակցությամբ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտնել է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մշակույթի նախարարության ճարտարապետների և կոնստրուկտորների ցուցումով պիտի գտնենք հիմնական լուծումներ ու վերակառուցենք սրբավայրի տանիքը: Այս անգամ վերանորոգումը կլինի ամբողջական և հիմնավոր»:

Առ ի տեղեկություն, անցյալում ևս մի քանի անգամ քամուց տանիքը վնասվել է, վառվող մոմերի բռնկումից էլ մի քանի անգամ այն հրդհվել է, այրվել են նաև սրբապատկերները: Սրբազան մատուռը մշտապես վերականգնվել է բարեպաշտ անհատների օժանդակությամբ ու նախաձեռնությամբ, սակայն, ցավոք, առանց մասնագիտական միջամտության և ուղղորդման:

Սրբավայրի անհրաժեշտ այս վերանորոգման համար Սեպուհ Սրբազանի լոսանջելոսաբնակ մտերիմներն ու բարեկամները արդեն պատրաստակամություն են հայտնել իրենց նյութական աջակցությունը ցուցաբերելու»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 6-ին, մի խումբ քաղաքացիներ այցելել են Լոռու մարզում գտնվող Հարթագյուղ, որտեղ Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը հայտնաբերել են ամբողջովին վնասված:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասել էին. «Սա ոչ թե միտումնավոր է արվել, այլ, հավանաբար, մի քանի օր առաջ ուժեղ ձնաբքի պատճառով Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է»: Մատուռի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր: Բարեբախտաբար, միայն 2 խաչքար է վնասվել, սակայն մատուռի տանիքն ամբողջովին մնացել է բաց:

 

  • Կիսվել: