հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքերը մտադիր են պեղումներ սկսել Անիում (լուսանկարներ)

Թուրքերը մտադիր են պեղումներ սկսել Անիում (լուսանկարներ)

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Մշակութային հարստությունների և թանգարանների ընդհանուր տնօրինությունը մտադիր է, Կովկասի համալսարանի հետ համագործակցելով, պեղումներ իրականացնել Հայոց Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիում։ Նախատեսվում է, որ պեղումները կսկսեն հունիսին և կտևեն շուրջ 1 տարի։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված և «Աշխարհի մայրաքաղաք», «Քաղաքակրթությունների բնօրրան», «Հազար ու մի եկեղեցիների մայրաքաղաք», «40 դարպասներ ունեցած քաղաք» անվանումներով հայտնի Անիում հիմնադրման տարեթվից մինչ օրս 23 քաղաքակրթություններ են զարգացել։ Թեև թուրքական աղբյուրը կես-բերան հիշատակում է Բագրատունյաց արքայատոհմին, սակայն շրջանցում է «հայ» կամ «հայկական» բառերը, և նյութից անտեղյակ ընթերցողի մտքով չի կարող անցնել, թե Անին հայկական քաղաք է, և որ այն հիմնել են հայերը։

Աղբյուրում նաև նշվում է, որ Անիում մոտ 25 նշանավոր կառույց կանգուն է մնացել, իսկ գետնափոր շինությունների թիվը հասնում է 1500-ի։ Հունիսին նախատեսվող պեղումները կհամակարգի Կովկասի համալսարանի դասախոսներից դոկտոր Մուհամեդ Ասլանը, ով «Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում ընդգծել է, թե Անին համաշխարհային մակարդակով պատմական նշանակություն ունի։

Մուհամեդ Ասլանի խոսքերից կարելի է ենթարդել, որ պեղումների հիմնական թիրախը կլինեն մզկիթի վերածված կառույցները կամ հետագայում իսլամական գործառույթ իրականացրած այլ շինություններ։ Թուրք գիտնականը նաև նշել է, որ Անին հիմնվել է 961 թ․, Բագրատունյաց արքայատոհմի կողմից, սակայն դարձյալ խուսափել է «հայ» բառից։ Այնուամենայնիվ, պեղումնային աշխատանքների համակարգողը հայտնել է, որ Անիի կառույցների «մի մասը» պատկանում է քրիստոնյա կրոնին։

Այսպիսով՝ թուրքերը շարունակում են հերքել, որ այս տարածքները և այս վայրերում կառուցված շինությունները հայկական են։ Մնում է հուսալ, որ թուրք գիտնականները պեղումների ընթացքում չեն աղավաղի հայկական Անիի դիմագիծը։

  • Կիսվել: