հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրի շրջանակներում

Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրի շրջանակներում

Սեպտեմբերի 10-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի՝ ֆիլմերի և ներկայացումների համար գրված երաժշտությունը։

Հիշելով իր մուտքը կինոերաժշտության աշխարհ՝ մաեստրո Մանսուրյանն ասում է, որ կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող էր, երբ առաջարկություն ստացավ գրել երաժշտություն ֆիլմի համար։ Կինոն սինթետիկ արվեստ է և ներառում է արվեստի մի քանի ճյուղեր: Կոմպոզիտորը նշում է, որ ստեղծագործելիս հետևել է դրամատուրգիայի ընթացքին այնպես, որ կինոդիտումից դուրս եկող հանդիսատեսն իր ականջներում ունենա ֆիլմի գլխավոր մեղեդին։ «Ես մեծ պատասխանատվությամբ եմ տրվել կինոերաժշտություն գրելու աշխատանքին։ Ամենամեծ դժվարությունն ինձ համար իմ երաժշտությունից դեպի կինոերաժշտություն անցում կատարելն էր, քանի որ հոգեբանությունը, հնչողական ընկալումները, արժեքներն ամբողջությամբ պետք է տեղափոխես կինոյի բնագավառ»,- ասում է կոմպոզիտորը։

Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի նոր գործիքավորմամբ։ Կհնչեն «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղրը», «Լիրիկական երթ», «Ճերմակ անուրջներ» և այլ կինոնկարների ու ներկայացումների մեղեդիները։

  • Կիսվել: