կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թբիլիսիում բացվել է վիրահայ գեղանկարիչ Սարուխանովի անհատական ցուցահանդեսը

Թբիլիսիում բացվել է վիրահայ գեղանկարիչ Սարուխանովի անհատական ցուցահանդեսը

Նոյեմբերի 9-ին Վրաստանի արվեստի պալատ – մշակույթի պատմության թանգարանում տեղի է ունեցել վիրահայ գեղանկարիչ Պյոտր Սարուխանովի անհատական ցուցադրության բացման արարողությունը, հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, գրում է jnews.ge-ն:

Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Վրաստանի արվեստի պալատի ջանքերով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Ցուցադրությունն անցնում է «Իմ սիրելի քաղաքը» խորագրի ներքո, արվեստի սիրահարներին են ներկայացված վարպետի մի շարք գործեր` այդ թվում նվիրված վերջինիս ծննդավայրին` Թբիլիսիին։

Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, վրաց մշակութային և հասարակական գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել թանգարանի տնօրեն Գիորգի Կալանդիան, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, նկարիչ Պյոտր Սարուխանովը։ Իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպանն ընդգծել է մշակույթի բացառիկ դերը ժողովուրդների մերձեցման գործում։

Ցուցադրությունը Վրաստանի արվեստի պալատում շարունակվելու է մինչև նոյեմբերի 17-ը։

  • Կիսվել: