հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թբիլիսիի Ս. Մինաս եկեղեցին օրհասական վիճակում է. ահազանգ

Թբիլիսիի Ս. Մինաս եկեղեցին օրհասական վիճակում է. ահազանգ

Առանց տանիքի, փլուզված պատերով եւ աղբանոցի վերածված Սուրբ Մինաս եկեղեցին Թբիլիսիի կենտրոնում իր օրհասական օրերն է ապրում: Այս մասին նշված է «Հայարտուն» կրթամշակութային եւ երիտասարդության կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված՝ Վիրահայոց թեմի մամուլի դիվանի հայտարարության մեջ:

Այնտեղ, մասնավորապես, ասված է.

«Անընդհատ ոչնչանում են երբեմնի կանգուն հինավուրց հայոց եկեղեցու հետքերը: Դեռեւս 2014 թվականին փլուզված տանիքով եկեղեցին շարունակում է շրջապատին հիշեցնել, որ այստեղ մի ժամանակ գործել է հպարտորեն վեր խոյացած Աստծու տունը: Օրերս եկեղեցու վերացման վտանգը առավել բացահայտ դարձավ:

2019 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ի մոտերքում հրշեջ ծառայությունում ստացված ահազանգի հիման վրա հրշեջների շնորհիվ եկեղեցին փրկվեց հիմնովին ոչնչանալուց: Կործանման եզրին կանգնած, անւշադրության մատված Աստծու տունը սպասում է իր վերջնական վախճանին, իսկ դրան նպաստում են շրջապատի բնակիչները, ովքեր բացահայտորեն ցանկապատում, պահեստանոցի եւ օժանդակ շինությունների են վերածում եկեղեցին ու նրա տարածքը, չօգտագործած մասը թողնելով անօթեւան մարդկանց քմահաճույքին:

Մտավախությունը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմինն է: Եկեղեցին միշտ գտնվել է թեմի ուշադրության կենտրոնում, սակայն թեմը չի կարող հոգ տանել եկեղեցու մասին, քանի որ այն վրացական եկեղեցու կազմած «վիճահարույց» եկեղեցիների ցանկում է, որոնց «ճակատագիրը» տարիներ շարունակ մնում է անորոշ: Սուրբ Մինաս եկեղեցին վիճահարույց չէ: Այն հայկական եկեղեցի է եւ պետք է վերադարձվի թեմին:

Թե՛ Վիրահայոց թեմը, թե՛ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմիցս դիմել են Վրաց Ուղղափառ եկեղեցուն, որպեսզի Թեմին վերադարձվեն հայկական եկեղեցիներն ու թեմը հոգ տանի դրանց մասին: Բազմաթիվ նամակներ են հղվել Վրաստանի իշխանություններին, պատկան մարմիններին, ներկայացվել է եկեղեցու վիճակը, սակայն ոչ մի փոփոխություն: Հուսանք, որ իշխանությունները եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցին այնուամենայնիվ լրջորեն կմոտենան քրիստոնեական տաճարի ոչնչացման հարցին:

Երեւանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին գտնվում է Հավլաբար թաղամասի Նոր Էջմիածին գործող եկեղեցուց ոչ հեռու: Պահպանված տվյալների համաձայն` Սուրբ Մինասը կառուցվել է 1790 թվականին: Սկզբնական շրջանում եկեղեցին մեծ կառույց չի եղել, եւ 1870 թվականին անհրաժեշտություն է առաջացել առավել մեծացնել եկեղեցու շինությունը: 1883թ. հունվարի 2-ին հին եկեղեցու տեղն արդեն խոյացել է Երեւանցոց Սուրբ Մինասը: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից եւ օգտագործվել որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երեւանցոց Սուրբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել»:

  • Կիսվել: