ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թատրոններում փորձերը կարող են արվել առավելագույնը 10 անձի ներգրավվածությամբ. փոխքաղաքապետ

Թատրոններում փորձերը կարող են արվել առավելագույնը 10 անձի ներգրավվածությամբ. փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև մշակութային կազմակերպությունների գործունեությանը։

Նրա խոսքով,  պարետի որոշման մեջ կա համապատասխան կանոնակարգ, որով պետք է առաջնորդվեն մշակութային կազմակերպությունները:

«Գրադարանների մասով դեռ ոչինչ չկա, բայց թատրոնները և այն թանգարանները, որոնք գործում են բացօթյա, հնարավորություն ունեն աշխատելու: Թատրոնները, միայն փորձերի տեսանկյունից, առավելագույնը 10 մարդու ներգրավվածությամբ կարող են աշխատել՝ ամբողջական կանոնները պահպանելով»,- նշեց փոխքաղաքապետը։

Տիգրան Վիրաբյանն ասաց նաև, որ կան կազմակերպություններ, որոնց ընդհանուր բյուջեն գոյանում է ոչ միայն պետության սուբսիդիայով: Դա կարող է լինել նաև նրանց սեփական եկամուտներով, օրինակ՝  թատրոնների ու թանգարանների դեպքում տոմսերի վաճառքը:

Ըստ նրա, շատ դեպքերում աշխատավարձի ֆոնդերում ունենում են խնդիրներ, և այն կազմակերպություններին, որոնք չեն կարողանում ձևավորել արտաբյուջե ու գործում են Երևանի  քաղաքապետարանի ենթակայությամբ, ապա, ըստ Տիգրան Վիրաբյանի, Երևանի քաղաքապետարանը կֆինանսավորի, որպեսզի հնարավորություն ունենան աշխատակիցներին 100 տոկոսով վճարել աշխատավարձը:

Ինչ վերաբերում է Երևանի կենդանակաբանական այգուն, փոխքաղաքապետն ասաց, որ այսօրվանից այն  գործում է՝  անվտանգության կանոնները պահպանելով:

«Հիմա քննարկում ենք մանկապետական կենտրոնների, գրադարանների աև յալ կազմակերպությունների գործունեության հարցը։ Մշակվում են նորմերը, սակայն դեռ վաղ է խոսել մասսայական պարապմունքների վերսկսման մասին»,- ասաց փոխքաղաքապետը։ 

 

  • Կիսվել: