ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սիրով եմ վերադարձել Հայաստան. Ալեսանդրո Սաֆինան Երևանում կկատարի հանրահայտ ստեղծագործություններ

Սիրով եմ վերադարձել Հայաստան. Ալեսանդրո Սաֆինան Երևանում կկատարի հանրահայտ ստեղծագործություններ

 Իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան համերգներով կներկայանա Երևանում: Առաջին համերգը տեղի կունենա փետրվարի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ երկրորդը՝ փետրվարի 14-ին «Դվին» հյուրանոցի համերգասրահում: Երգիչը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:

Փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Սաֆինան նշեց, որ հնչեցնելու է Ազնավուրի երգերից, քանի որ շատ է սիրում նրա արվեստը:

Երգիչը ինը տարի առաջ հանդես եկել է Երևանում: Հարցին, թե ի՞նչ հիշողություններ է տարել իր հետ, Սաֆինան պատասխանեց՝ չի մոռացել, որ մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկի հետ կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել, սակայն հիմա ծիծաղով է հիշում այդ մասին:

«Դա առաջին տպավորությունն է, որը երբեք չեմ մոռանա: Չնայած դրան՝ սիրով եմ վերադարձել, քանի որ Հայաստանը գեղեցիկ է, իսկ համերգը հրաշալի էր կազմակերպված, հանդիսատեսը ոգևորված էր, ջերմ: Բազմաթիվ նվերներ ստացա. կոնյակ, որի պատճառով գրեթե միշտ հարբած էի»,-պատմեց Սաֆինան:

Խոսելով «Լունա» երգի մասին, որն Ալեսանդրո Սաֆինային համաշխարհային ճաաչում բերեց՝ երգիչը շեշտեց, որ այն իսկապես հաջողված երգ է, գեղեցիկ և փոխել է իր կարիերան, քանի որ մինչ այդ միայն դասական երգեր է կատարել,  հետո՝  նաև փոփ ստեղծագործություններ:

Երգիչը, որին կին երկրպագուները հաճախ են նամակներ գրում, երբեմն սեր խոստովանում, երևանյան համերգներից առաջ բազմաթիվ նամակներ է ստացել նաև հայ երկրպագուներից, որոնք գրել են՝ ուրախ են, որ Սաֆինան կրկին Երևան է գալու: Տենորն ասաց՝ փորձել է պատասխանել մի քանի նամակի, բայց իրականում ակտիվ չէ սոցիալական ցանցերում: «Երբ երիտասարդ էի, «Ինստագրամ», «Ֆեյսբուք» չկային»,-ժպիտով նշեց նա և հավելեց՝ ամեն դեպքում դրական արձագանքներով լի նամակներ ստանալը միշտ հաճելի է:

Երգիչն առաջիկայում նախատեսում է համերգով ներկայանալ Ռուսաստանում, հետագայում՝ ԱՄՆ-ում: Նա շեշտեց, որ համավարակն ու տարբեր երկրներում քաղաքական լարվածությունը խանգարում են լիարժեք համերգային գործունեություն ծավալելուն:

Ալեսանդրո Սաֆինան Հայաստանում կմնա հինգ օր, որոնք հագեցած կլինեն փորձերով և համերգներով, սակայն չի բացառում, որ գուցե նաև թանգարան այցելելու ժամանակ գտնի:

Երևանյան համերգները տեղի կունենան «Սոնատի» ընկերության նախաձեռնությամբ:

  • Կիսվել: