ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օրն է

Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օրն է

Այսօր Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Հակոբոս առաքյալի և Սուրբ Հովհաննես Ավետարանչի հիշատակության օրը: Ս. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Ս. Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը, գրում է qahana.am-ը:

 Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապված կարևոր պահերի ականատեսը: Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսին, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա: Բայց Քրիստոս հանդիմանում  է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. 3:17): Նա միակ առաքյալն է, որի մահվան մասին գրված է «Գործք Առաքելոց»-ում: Ս. Հակոբոսը ձերբակալվում է Հերովդեսի կողմից և սրով սպանվում: Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, ով այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Ս. Հակոբյանց մայր տաճարը, որի հյուսիսային պատի մեջ բացված մատրանում ցույց է տրվում առաքյալի գլխի գերեզմանը:

Ս. Հովհաննես առաքյալը 4-րդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:

Հայ Առաքելական Եկեղեցին Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակը օրը տոնում է Ս. Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:

  • Կիսվել: