ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Խստաշունչ ոճ» ցուցահանդեսը

Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Խստաշունչ ոճ» ցուցահանդեսը

Հոկտեմբերի 8-ից Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) կգործի «ԽՍՏԱՇՈՒՆՉ ՈՃ» ցուցահանդեսը:

«Միր իսկուստվա» և այլ գեղարվեստական միավորումների նկարիչների հայտնի կտավներից բացի թանգարանի հավաքածուում պահվում են 1950-60-ականների սահմանագծին լայն տարածում ստացած «խստաշունչ ոճ» ուղղությանը հարող ստեղծագործություններ: Սովորական աշխատանքային օրերի սխրանքին բնորոշ խիստ ռոմանտիզմին նվիրված այս ուղղության հանդեպ հետաքրքրությունն այսօր նկատելիորեն աճել է:

Ցուցահանդեսը ներկայացնում է այդ ոճի այնպիսի վառ ներկայացուցիչների գեղանկարչական աշխատանքները, որպիսիք են Վ.Ե. Պոպկովը և Պ.Ֆ. Նիկոնովը՝ լրացված Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվող Ի.Պ. Օբրոսովի բարձրարժեք ստեղծագործությամբ: Ա. Աբրահամյանի հավաքածուից ներկայացված աշխատանքները լի են զուսպ արտահայտչականությամբ և գունապնակի լակոմիզմով, որոնք հատուկ են խորհրդային արվեստի տվյալ շրջանին:

Էքսպոզիցիայի կազմակերպման գործում ներգրավված են երիտասարդ հայ նկարիչներ, որոնք ցուցահանդեսի համար հատուկ ստեղծել են կենտրոնական ինստալյացիա, այդպիսով վերաիմաստավորելով «խիստ ոճ» եզրը և տալով դրան ժամանակակից հնչողություն:

  • Կիսվել: