կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քննարկումներ՝ աշակերտների միջազգային գնահատման PISA ծրագրի ստուգատեսին ընդառաջ

Քննարկումներ՝ աշակերտների միջազգային գնահատման PISA ծրագրի ստուգատեսին ընդառաջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Աշակերտների միջազգային գնահատման PISA ծրագրին մասնակցության նախապատրաստական աշխատանքների քննարկմանը, որը կազմակերպվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում:
 
Ծրագրի մասնակցությանն ընդառաջ` կարողությունների զարգացման աջակցության նպատակով Հայաստանում է գտնվում Ավստրալիայի կրթական հետազոտությունների խորհրդի ներկայացուցիչ Էնդրյու Մաննոնին, որը հուլիսի 11-15-ն աշխատանքային հանդիպումներ և խորհրդատվական քննարկումներ է անցկացնում ծրագրում ներգրավված կառույցների հետ:
 
«Մենք արդեն մի քանի անգամ մասնակցություն ենք ունեցել կրթական ոլորտի միջազգային հետազոտություններ իրականացնող TIMSS-ի ստուգատեսին, որի ընթացքում գնահատվել է մեր աշակերտների՝ բնագիտության և մաթեմատիկայի կարողությունները: Դա շատ կարևոր փորձառություն է մեր կրթական համակարգի համար, քանի որ հնարավորություն ենք ունենում վերլուծել մեր կարողություններն ու կրթական մակարդակը, համադրել տվյալներն այլ երկրների հետ, ի վերջո հասկանալ՝ ինչ առաջնահերթ խնդիրներ կան: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ այդ տվյալները բավարար չեն մեր համակարգի ամբողջական պատկերը ստանալու ու դինամիկան հասկանալու համար, ուստի որոշում է կայացվել մասնակցել նաև PISA միջազգային ստուգատեսին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ ներկա փուլում տվյալ ծրագրին մասնակցությունն էլ ավելի կարևոր է, քանի որ մեկնարկել է հանրակրթության պետական չափորոշիչների փոփոխման գործընթացը:
 
Էնդրյու Մաննոնին տեսապատկերների միջոցով ներկայացրել է ծրագրի մասնակցության պայմաններն ու առավելությունները՝ ընդգծելով, որ նպատակն է հետազոտել կրթական համակարգերն ամբողջ աշխարհում` թեստավորման միջոցով գնահատելով 15 տարե­կան աշակերտների կարողություններն ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների ոլորտներում։
 
«Արդյունքները թույլ են տալիս գնահատել երկրի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել դրանք։ Երկրները կարող են օգտագործել տվյալներն իրենց բովանդակությունը վերլուծելու համար: Ծրագիրը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ միջազգային մակարդակում վերջինիս արդյունքները հանդիսանում են երկրի կրթական համակարգի հավաստի, վստահելի և մյուս պետությունների հետ համադրելի ցուցանիշներ։ Միջազգային շատ վարկանիշային համաթվերում (Մարդկային կապիտալի համաթիվը, Գլոբալ ինովացիոն համաթիվը, Գլոբալ տաղանդի մրցունակության համաթիվը և այլն) օգտագործվում են հենց PISA-ի տվյալները»,- ընդգծել է Էնդրյու Մաննոնին։
 
Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը բարձր է գնահատել PISA միջազգային ստուգատեսին ՀՀ-ի մասնակցությունը` նշելով, որ հանդիպումներն ու քննարկումները  կարևոր են:
 
«Մենք մեր կրթական համակարգը ոչ միայն միջազգային փորձագետին ներկայացնելու, այլև Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները նաև ներքին հարթակներում պարբերաբար քննարկելու խնդիր ունենք»,- ասել է նա:
 
Արսեն Բաղդասարյանը ներկայացրել է նախորդ տարիների ստուգատեսների արդյունքները՝ ուղենշելով PISA-ին մասնակցության ակնկալիքները:
 
Ելույթների ընթացքում բանախոսները պատասխանել են նաև միջոցառման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնց շուրջ էլ ակտիվ քննարկումներ են ծավալվել:
 
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացված հանդիպման  ընթացքում շահառուների լայն շրջանակի համար ներկայացվել են ծրագրի մանրամասները, ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, համակարգի կառույցների, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, միջազգային գործընկերների, ինչպես նաև դպրոցների ներկայացուցիչներ:

  • Կիսվել: