կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Քաջ գիտակցենք հայոց պետականության կարևորությունը, երբ էլ ապրելու լինենք». այսօր Սահակ Պարթևի տոնն է

«Քաջ գիտակցենք հայոց պետականության կարևորությունը, երբ էլ ապրելու լինենք». այսօր Սահակ Պարթևի տոնն է

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սահակ Պարթևի տոնը՝ Հայաստանի ամենախոշոր հոգևոր, պետական գործիչներից մեկի, ում շնորհիվ. «Հայոց երկիրը լցվեց գիտությամբ»: (Փրպ. 53)

Սրբի վարքի մասին խոսելիս Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը նշում է ոչ միայն գրերի ստեղծման, թարգմանությունների նաև ազգապահպանության մասին: Հիշեցնում է՝ Սահակ Պարթևի դերը անգնահատելի է մեր պատմության կերտման, մշակույթի ու հավատքի պահպանման մեջ:«Ս. Գրիգոր Լուսավորիչը կոչվում էր հոգիների լուսավորիչ, քանի որ քրիստոնեական լույսով լուսավորեց Հայաստան աշխարհը: Ներսես Մեծը կոչվում էր սրտերի լուսավորիչ, քանի որ հոգևոր և սոցիալական խնամք էր տանում կարիքավորների նկատմամբ: Ս. Սահակ Հայրապետը կոչվում է մտքերի լուսավորիչ, քանի որ նրա օրոք է բացվում ոսկեդարը հայ իրականության մեջ՝ որպես հայի ինքնության թրծման, ամրապնդման ժամանակաշրջան: Ստեղծվում են հայոց գրերը, ձևավորվում է թարգմանչաց շարժումը»,- նշում է Տեր Աշոտը:

Հայրապետի շնորհիվ Հայաստանը նոր հոգի ստացավ

Ս. Սահակ Պարթևն ապրել է 4-5-րդ դարերում: Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր: Կեսարիայում ստացել է հոգևոր ու ժամանակակից կրթություն: Վերադարձել է Հայաստան ու ամուսնացել: Նրա դուստրը՝ Սահականուշը, հետագայում դարձել է շարականագիր, ամուսնացել է Մամիկոնյան տան Համազասպ իշխանի հետ՝ ունենալով նշանավոր զավակներ: Նրանցից էր Վարդան Մամիկոնյանը:

Սահակ Պարթը 387 թվականից եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը:

Տեր Աշոտի խոսքով՝ հայրապետը սիրում էր աղոթական կյանքը, ուներ աշակերտներ: Կրթված ու հմուտ էր երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության, լեզվագիտության մեջ և մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը: Եղել է հայոց գրերի ստեղծման ջատագովը, Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

«Ս. Սահակ Պարթևը ոչ միայն օրհնում է Ս. Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությունը՝ ստեղծելու հայոց նշանագրերը, այլև բարեխոսում Վռամշապուհ թագավորի առաջ, աջակցում Մաշտոցին հնչյունների ուղղաձայնության և տառերի դասավորության հարցում»,- նշում է քահանան:

Հայրապետի ջանքերով Արևելյան ու Արևմտյան Հայաստանը նոր հոգի է ստանում, տարածվում է հայոց լեզվի ուսուցումը:

Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը, որը դարեր անց կոչվում է թարգմանությունների թագուհի: Աստված խոսում է հայերեն:

Հայրապետն աջակցում է Սուրբ Գիրքը քարոզելուն։ Նրա շնորհիվ գրվում են եկեղեցու հայրերի մատյանները նաև հիմք է դրվում հայ գրականության ինքնուրույն զարգացմանը, նշում է քահանան.

«Ս. Սահակ հայրապետը թողել է դավանաբանական թղթեր՝ ընդդեմ նեստորականների և այլ աղանդների, այլ նամակներ, բարեկարգել է ժամերգությունը, գրել շարականների կանոններ, հեղինակել է շարականների ութ ձայնանի համակարգի առաջին կարգավորումը»:

Սրբորեն պահպանե՛նք մեր ժառանգությունը

Քահանան Սահակ Պարթևին անվանում է նաև հեռատես դիվանագետ՝  պետական մտածողությամբ: Երբ հայոց նախարարներն առաջարկում են Սահակին՝ իրենց հետ գնալ Վռամ շահի մոտ ու մեղադրել Արտաշես արքային, քանի որ նա չէր վարում առաքինի կյանք, հայրապետը չի ընդունում առաջարկը: Նախարարները չեն լսում նրա խոսքը: Պարսից արքան ի վերջո Արտաշեսին զրկում է իշխանությունից, Ս. Սահակը նույնպես հեռացվում է իր աթոռից: Այսպես մարում է Արշակունիների տոհմի վերջին ճրագը:

«Ս. Սահակ Պարթևն իր կյանքի վերջին տարիները ևս անցկացնում է ճգնությամբ՝ ցավելով, որ հայոց իշխանները չգիտակցեցին պետականության արժեքն ու կարևորությունը: Խնդրում է Աստծուն, որ Նա իր օրհնությունը չկտրի հայոց ազգից, վերականգնվի հայոց թագավորությունը»:

Ղազար Փարպեցին գրել է. «Առաքինի Հայրապետը, հրաժարվելով աշխարհածուփ զբաղմունքներից, իրեն բոլորովին նվիրել էր աղոթքներին և ուսուցչությանը»:

Տեր Աշոտն ընդգծում է՝ Սահակ Պարթևի հիշատակության օրը հստակ խորհուրդ ունի մեզ համար.

«Հայրապետի պատգամն է մեզ՝ ամուր պահենք հայ ինքնության այն կարևոր արժեքները, ինչպիսիք են՝ նախաձեռնող և արարող լինելը: Քաջ գիտակցենք հայոց պետականության կարևորությունը, երբ էլ ապրելու լինենք, որովհետև այն, ինչ ժառանգել ենք մեր հայրերից, պետք է սրբորեն պահենք, պահպանենք, հզորացնենք և փոխանցենք մեր ժառանգներին»:

Ս. Սահակի տոնը նշվում է երկու անգամ: Առաջինը տոնում ենք Մեծ Բարեկենդանին նախորդող կիրակիի նախընթաց շաբաթ օրը, երկրորդը՝ Ս. Մաշտոցի հետ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի:

  • Կիսվել: