«Քաղաքականացումը այլ կողմից է փորձ արվել անել»․ նախարարը՝ Գյումրիի համերգին «ՏաԼույս» երգչախմբի չմասնակցելու մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Գյումրիում «Ազնավուր» հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ կազմակերպված համերգին Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի չմասնակցելուն։
Նրա խոսքով՝ համերգին չներկայանալու որոշումը եղել է երգչախմբինը, և նրանք էլ կրում են իրենց որոշումների պատասխանատվությունը։
«Պետք պարզ տրամաբանություն ունենալ․ նախարարությունը համերգի հատկացման համար նախատեսել է միջոցներ, համերգի կազմակերպողն էլ «Ազնավուր» հիմնադիրամն է եղել: Թե՛ նախարարությունը, թե՛ հիմնադրամը շահագրգիռ են, որ համերգը կայանա ամբողջ ծավալով ու նորմալ։ Որեւէ կերպ, որեւէ պրոցես քաղաքականացնելն անթույլատրելի է: Կարծում եմ՝ պրոցեսի քաղաքականացումը բլորովին այլ կողմից է փորձ արվել անել, ցավում եմ, որ երեխաներին այդ պրոցեսում դարձրեցին քաղաքական գործիք, ինչն անընդունելի է»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ պայմանէ դրվել, որ ժամը 13.00-ին սկսվի համերգը, մինչդեռ այն պետք է սկսվեր 14.00-ին, եւ տեխնիկապես հնարավոր չի եղել իրենց ելույթ ունենալն այդ ժամին, Անդրեասյանն ասաց. «Այս մասով այլ ասելիք չունեմ: Խնդրում եմ՝ ծանոթացեք փոխնախարար պարոն Դանիելյանի պարզաբանումներին, որոնք հրապարակվել են եւ ներկայացնում են ստեղծված իրավիճակը: Որևէ երգչախմբի չեն զրկել ելույթ ունենալու հնարավորությունից, բոլորն ունեցել են ելույթ ունենալու հնարավորություն, եւ մասնակիցներից մեկը որոշել է ճօգտվել այդ հնարավորությունից եւ հրաժարվել է ելույթ ունենալ: Դա իրենց որոշումն է»:
Նշենք, որ այդ օրը Գյումրիում հանրահավաք է անցկացրել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը: Մինչեւ նրանք եկել են, բեմն արդեն ապամոնտաժված է եղել: