«Փոքր երկրների ակումբ»․ Արմեն Սարգսյանի գիրք է գրել, այն վաճառքում կլինի 2023-ից
Ինչպես կարող են փոքր, բայց խելացի երկրները «փրկել» աշխարհը․ հենց այս մասին է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած նոր՝ «The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը, որը վաճառքում կլինի 2023 թվականի հունիսից։
Հրատարակիչ ընկերությունը՝ Hurst-ը, գրքի մասին համառոտագրում նշում է․ «Փոքր լինելը, ինչը հաճախ դիտարկվում է որպես թուլություն, կարող է ուժի վերածվել: Պետությունների համար փոքր լինելը կարող է նաև վստահության պակաս և անապահովության զգացողություն առաջացնել, սակայն, միևնույն ժամանակ, նրանց օժտել գոյատևելու բնազդով։ Մեծ պետությունները ծանրաքաշ են, իսկ փոքր պետությունները կարող են լինել ճկուն և շուտ ադապտացվող:
Հենվելով գիտնականի, գործարարի, դիվանագետի և պետության ղեկավարի իր փորձառության վրա ՝ Արմեն Սարգսյանն առաջարկում է փոքր պետությունների գրավիչ դիմանկարներ Աֆրիկայից մինչև Եվրոպա և Ասիա։ Այդ պետությունները կարողացել են հաղթահարել անհաղթահարելի թվացող խոչընդոտները՝ կայանալով որպես քաղաքական կայունության, մշակութային հանդուրժողականության, տեխնոլոգիական նորարարությունների, ֆինանսական խոհեմության և գիտական հետազոտությունների օազիսներ»։
Այն երկրները, որոնք գիտեն իրենց ուժեղ կողմերը, հնարավորություններն ու առավելությունները, գիտեն, թե ինչպես կարող են դրանք օգտագործել աշխարհում ավելի կարևոր դառնալու համար, հաջողում են: Հայաստանի նախկին նախագահը, խոսելով այդ փոքր պետությունների՝ երբեմն անհստակ մեկնարկի մասին, այնուհետև անդրադառնում է նրանց անհավանական վերելքին, միաժամանակ, ներկայացնում հաստատակամ առաջնորդների մի խմբի, որոնք ճգնաժամը հնարավորության վերածելու հմտություն ունեն:
Փոքր երկրների կողմից բիզնեսի, գիտության, տեխնոլոգիաների, կրթության, կառավարման հիանալի օրինակներ կան՝ Սինգապուրը, որի մասին շատ է խոսվում, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսրայելը, եվրոպական մի քանի երկրներ, որոնք փոքր են, բայց հաջողակ, օրինակ՝ Լյուքսեմբուրգը: Աֆրիկայում այսօր ծաղկուն երկիր է դարձել և ամբողջ աշխարհում ճանաչված է Ռուանդան:
Արմեն Սարգսյանին բնորոշելով որպես «համաշխարհային ասպարեզում ամենահայտնի հայերից մեկը»՝ հրատարակչատունը նշում է, որ նա գիրքն ավարտում է Հայաստանի մասին պատումով. «Որպես կիսով չափ հուշագրություն, կիսով չափ մանիֆեստ՝ այն հուզիչ հայացք է աշխարհի ամենահին քրիստոնեական երկրին, որը միաժամանակ ներկայացնում է հնագույն քաղաքակրթություն, փոքր պետություն և համաշխարհային ազգ»: