շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը, վայելել Ձեր ներկայությունը և արվեստը. Ժաննա Անդրեասյանը` Տիգրան Մանսուրյանին

Պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը, վայելել Ձեր ներկայությունը և արվեստը. Ժաննա Անդրեասյանը` Տիգրան Մանսուրյանին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի առթիվ կազմակերպել է հոբելյանական համերգ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով.

«Սիրելի՛ Մաեստրո,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը, վայելել Ձեր ներկայությունը և արվեստը։ Մի առիթով հիշել էիք Արթիկում անցկացրած Ձեր օրերը և պատմել էիք այն մասին, որ փողոցում, երբ բարձրախոսներից երաժշտություն էր հնչում, Ձեր խաղը դադարեցնում էիք և մոտ գնում՝ վայելելու այն։ Նույնն այսօր տեղի է ունենում մեզ հետ, երբ հնչում է Ձե՛ր երաժշտությունը։

Ինչ անելիք էլ որ ունենանք, փորձում ենք մի պահ կտրվել և վայելել այն։ Սա պատահական չէ, որովհետև Ձեր արվեստը դիպչում է յուրաքանչյուրիս հոգուն և դառնում է մեր կյանքի ընկերը։ Ոչ միայն արվեստը, այլև Ձեր մարդկային կերպարը ևս արժանի է ամենաբարձր գնահատականի։

Վերջերս Ձեզ հետ Կոնսերվատորիայում ամփոփիչ համերգին էինք։ Ես ուղղակի հիացա, թե ինչպես էիք ոգևորում երիտասարդներին՝ նրանց ամեն հաջող կատարման համար։ Եվ միայն պատկերացնել է պետք, թե ինչ թևեր են առնում մեր երիտասարդները Ձեր ամեն բառից ու գնահատականից։ Իսկ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության համար Ձեր գրած մեղեդին արտահայտում է Ձեր գորովանքը մեր երկրին։ Դա Ձեր անուշ Հայաստանն է, որն ամբողջությամբ վերադարձնում է Ձեզ նույն գորովանքն ու սերը։

Մաղթում եմ մեզ բոլորիս, որ երկար վայելենք Ձեր ներկայությունն ու ստեղծագործությունը։ Առողջություն, ուժ ու եռանդ Ձեզ»։

  • Կիսվել: