ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարի միջազգային օրվա շրջանակում պարային կազմակերպությունները Երևանում, մարզերում եւ Արցախում հանդես կգան համերգային ծրագրերով

Պարի միջազգային օրվա շրջանակում պարային կազմակերպությունները Երևանում, մարզերում եւ Արցախում հանդես կգան համերգային ծրագրերով

Ապրիլի 29-ին աշխարհում նշում են Պարի միջազգային օրը, որը 1982 թվականին նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհուրդը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ օրվան ընդառաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուբեն Մուրադյանը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի տնօրեն Արթուր Դանիելյանը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի տնօրեն Գրիգոր Ոսկանյանը, Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը, Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրենի ժ/պ Սվետլանա Ղազարյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին գալիք մասնագիտական տոնի առթիվ եւ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ համավարակի պայմաններում եւ պատերազմի օրերին կենտրոնացրած ներուժի եւ ջանքերի համար՝ հանդես գալով տարբեր զորամասերում ու հարթակներում. «Պարը միայն պար չէ, այն լավատեսության, բարոյահոգեբանական խնդիրների հաղթահարման լավագույն գործիքներից եւ միջոցներից մեկն է: Ընդհանրապես, ինչպես երաժշտությունը, պարը նույնպես յուրաքանչյուր արվեստի հիմքում է՝ սկսած ճարտարապետությունից, վերջացրած թատրոնով: Զուր չեն ասում, որ թատրոնն արձակ պար է, այսինքն՝ որտեղ կա շարժում, այնտեղ կա էքսպրեսիա, գեղագիտություն»:

Նախարարի տեղակալը փաստել է, որ նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունները մեծ նվիրումով են իրականացնում իրենց առաքելությունը:

«Սա կարեւորագույն ոլորտ է, նաեւ՝ մինչեւ վերջ չգնահատված: Այս ոլորտի ներուժը, ազդեցությունը հանրային տրամադրությունների վրա մինչեւ վերջ գիտակցված չէ, եւ պատահական չէ, որ պարի ոլորտն ամենահամեստ ոլորտն է»,- հավելել է Արա Խզմալյանը եւ փաստել, որ բացի օպերային թատրոնից՝ պետական պարային կազմակերպությունները չունեն իրենց կցված գույք, տարածք եւ մշտական բեմահարթակներ, սակայն միեւնույն ժամանակ նրանք ունեն կամք՝ չընկրկելու, խնդիրներին չտրվելու, եւ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով առաջ է տանում բնագավառը:

«Տարին հագեցած է ոլորտի երախտավորների հոբելյաններով՝ Վիլեն Գալստյանի, Նորայր Մեհրաբյանի, Աննա Մարիկյանի 80-ամյակները, Մաքսիմ Մարտիրոսյանի 90-ամյակը»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը եւ ավելացրել, որ տարվա ընթացքում դեռեւս անդրադարձ է լինելու վաստակաշատ արվեստագետներին:

Արա Խզմալյանն անդրադարձել է նաեւ ոլորտում իրականացվող սերնդափոխության հարցին եւ ուրախությամբ նշել, որ ընթացքը նկատելի է, ինչը տեղի է ունենում քայլ առ քայլ եւ զգուշորեն:

Նախարարի տեղակալն իր խոսքն ամփոփել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վալերիի մտքերով. ««Ինձ երբեմն թվում է, որ մեր հոգին ոչինչ չի հասկանում մեր մարմնից»: Մինչդեռ իմ խորին համոզմամբ՝ մարմինը կարողանում է հաղորդել հոգու բոլոր ելեւէջները, նրբությունները»:

Նախարարության ենթակայությամբ գործող պարային կազմակերպությունների ղեկավարները մասնագիտական տոնի կապակցությամբ նույնպես շնորհավորել են գործընկերներին, ոլորտի ներկայացուցիչներին եւ ներկայացրել առաջիկա անելիքները: Նրանց խոսքով՝ սերտ համագործակցության մեջ են Երեւանի պարարվեստի պետական քոլեջի հետ, ինչպես նաեւ ակտիվ գործակցություն է ընթանում պարային մյուս կազմակերպությունների միջեւ:

Պարի միջազգային օրվա շրջանակում պարային կազմակերպություններն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում եւ Արցախում հանդես կգան համերգային ծրագրերով:

  • Կիսվել: