շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Փառատոնի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ ընթանում ենք ճիշտ ուղով. Խզմալյան

Փառատոնի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ ընթանում ենք ճիշտ ուղով. Խզմալյան

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր տրվել է  Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի մեկնարկը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող գլխավոր գրական իրադարձության բացմանը ներկա էր նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացվող փառատոնին մասնակցում են շուրջ 40 հրատարակչություն, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, ավելի քան 50 գրողներ, քննադատներ, թարգմանիչներ:

 Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել ոլորտի մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ պետական ծրագիրն է, որն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնի բաղադրիչներն են պարտադիր զեղչով գրքի ցուցահանդես-տոնավաճառը, չորս անվանակարգում գրական մրցույթը, շնորհանդեսները, պանելային զրույցները, վարպետության դասերը, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումները, համերգները և այլն:

Փառատոնին ներկայացված են բազմաթիվ նոր հրատարակություններ

Նախարարի տեղակալը շրջել է փառատոնային հարթակում, ծանոթացել հայաստանյան հրատարակչությունների, թանգարանների, մշակութային կազմակերպությունների՝ վերջին տարիների գրքային արտադրանքին և նոր հրատարակություններին, գնել  է  գրքեր, այդ թվում՝ Պոլ Կլոդելի «Աչքը լսում է» էսսեների ժողովածուն:

Փառատոնն անդամակցում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Վերսոպոլիս» հարթակին

Լրագրողների հետ զրույցում Արա Խզմալյանը նշել է, որ այս տարվա փառատոնն առանձնանում է մի շարք բաղադրիչներով, որոնցից է փառատոնի անդամակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Վերսոպոլիս» հարթակին. «Այս ծրագրի շրջանակում հնարավորություն ընձեռվեց Եվրոպայից հրավիրել բանաստեղծների, ինչը շատ կարևոր է: Պոեզիայի ոլորտի ներգրավվածությունն ուշադրության առանցքում է, քանի որ կոմերցիոն տեսակետից առավել լայն հնարավորություններ ունեն արձակագիրները, իսկ պոեզիան՝ որպես սիմվոլիկ և  չափազանց ինտելեկտուալ ժանր, սահմանափակ հնարավորություններ ունի հանրայնացման և լայն շրջանակներին հասանելի լինելու առումով: Հատկանշական է, որ փառատոնի գովազդատեղեկատվական արշավի բաղադրիչները և շեշտադրումները հակվում են դեպի պոետիկ իրականություն: Այս ծրագրի շրջանակում լայն հնարավորություններ կան նաև հետագայում մեր բանաստեղծների ստեղծագործությունները հանրայնացնելու եվրոպական տարբեր հարթակներում»:

Փառատոնը՝ ժամանակակից գրական պրոցեսները մեկտեղող հարթակ

Նախարարի տեղակալը կարևորել է Գրքի երևանյան փառատոնի կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով, որ դժվար է գտնել մի հոգևոր ոլորտ մեր իրականության մեջ, որն ունենան այնքան խորը արմատներ, այնքան ամուր ավանդույթներ, ինչպիսիք են՝ գիրքը, գրավոր մշակույթը, գրականությունը. «Եվ մենք, որ ունենք հնագույն գրավոր ավանդույթներ, աշխարհում բացառիկ գրավոր հուշարձաններ, չենք կարող չունենալ ժամանակակից գրական պրոցեսները մեկտեղող հարթակ: Արդեն երկրորդ տարին է, որ փառատոնը միջազգային կարգավիճակ ունի և փառատոնի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ մենք ընթանում ենք ճիշտ ուղիով»:

Գրական մրցանակաբաշխությունը՝ մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին

Անդրադառնալով փառատոնի շրջանակում անցկացվող գրական մրցույթին՝ Արա Խզմալյանը  տեղեկացրել է, որ մրցույթն անցկացվում է «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում և կարևորել է ոլորտում հայտնի և առաջին քայլերն անող ստեղծագործողների հավասար մասնակցության հնարավորությունը:

«Մրցույթի հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք անաչառ են, ունեն բարձր մասնագիտական որակներ և պատասխանատվության մեծ զգացում»,- ասել է Արա Խզմալյանը: 

Նշենք, որ Գրքի երևանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում, որի ընթացքում կանցկացվի նաև գրական մրցանակաբաշխությունը:

Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Վերսոպոլիս» կազմակերպության աջակցությամբ իրականացնում են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը և «Գրքի փառատոն կրթամշակութային» ՀԿ-ն՝ «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

  • Կիսվել: