շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«ՌՈՍՏԵԽ» և «ՌՈՍԱՏՈՄ» կազմակերպությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են ԿԳՄՍ նախարարությունում

«ՌՈՍՏԵԽ» և «ՌՈՍԱՏՈՄ» կազմակերպությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են ԿԳՄՍ նախարարությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ՌԴ 3D տեխնոլոգիական ոլորտի առաջատար ‹‹ՌՈՍՏԵԽ›› և ‹‹ՌՈՍԱՏՈՄ›› պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ռուսական պատվիրակության կազմը ներկայացրել են ‹‹ՌՈՍՏԵԽ›› տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Կոչկուրովը, ‹‹ՌՈՍԱՏՈՄ››-ի կազմում ընդգրկված ‹‹RusAT›› տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Միխայիլ Տուրունդաևը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության «ՑԻՏՈ» ընկերության՝ զարգացման գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Բուշնևը, ‹‹Սիթիմոբիլ›› կենտրոնի համահիմնադիր Հովհաննես Առաքելյանը, Կիրառական նյութագիտության գիտահետազոտական ինստիտուտի «Ալմազ Անթեյ» կոնցեռնի տնօրեն Լյուբով Նեֆեդովան, «Սիստեմ» գիտական կենտրոնի գործադիր տնօրեն Աշխեն Հովսեփյանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ կրթության, գիտության, ինչպես նաև երիտասարդության ոլորտներում ռուսական կողմի հետ ՀՀ-ն ունի համագործակցության լայն ձևաչափ:

«Համագործակցության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է կոնկրետացնել խնդիրները` ավելի թիրախային և հստակ նպատակներ սահմանելով: Վստահ եմ, որ համագործակցության ամրապնդման պատրաստակամությունն առկա է երկու կողմերում»,- նշել է նախարարի տեղակալը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, կարևորելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը, առաջնային է դիտարկել հատկապես 3D տեխնոլոգիական կրթության զարգացմանը միտված երկկողմ ծրագրերի իրականացումը: Նա նշել է, որ այս առումով առաջնային նշանակություն ունի բնագիտական առարկաների հանդեպ դպրոցից ձևավորվող նախապատվությունը, որը համարվում է 3D տեխնոլոգիաների արդյունաբերության և գիտության հետագա զարգացման հիմքը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այս առնչությամբ տեղեկացրել է, որ գործում է հայ-ռուսական միջպետական ծրագիր, որի շրջանակում տարեկան շուրջ 200 հայ երիտասարդներ կրթություն են ստանում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Միջպետական ծրագրով՝ ՌԴ քաղաքացիները ևս ՀՀ բուհերում սովորելու հնարավորություն ունեն: Փոխնախարարի խոսքով, Հայաստանի պետական առաջնահերթություններով պայմանավորված, ՌԴ բուհեր գործուղվող դիմորդների համար կարող է առավելապես բնագիտական և տեխնոլոգիական տեղերի պահանջ ներկայացվել:

Ռուսական կողմի ներկայացուցիչները ներկայացրել են տեխնոլոգիական կրթության զարգացման առաջնահերթությունը` նշելով, որ իրենց մոտ ևս այս ասպարեզում կադրերի մեծ պահանջարկ կա` հաշվի առնելով, որ 3D տեխնոլոգիաների արդյունաբերությունն այժմ իր բոլոր հնարավորություններով ներդրվում է ոչ միայն կրթության և գիտության, այլև առողջապահության, տնտեսության և արդյունաբերության գրեթե բոլոր ոլորտներում: Նրանք նաև նշել են, որ Սոչի քաղաքի հանրակրթական դպրոցներում 3D տեխնոլոգիական կրթության փորձնական ծրագիր է իրականացվում, որը կարող է օգտակար լինել գործընկեր երկրների համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության նոր հեռանկարների բացահայտման երկկողմ նախաձեռնությունների օրակարգերի մշակման վերաբերյալ հարցեր:

  • Կիսվել: