երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախարարի տեղակալն այցելել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և մի շարք այլ հաստատություններ

Նախարարի տեղակալն այցելել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և մի շարք այլ հաստատություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Գեղագիտության ազգային կենտրոն:

 

Դանիել Դանիելյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Դուրգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել գործունեությանը, եղել փորձասրահներում:

 

Կարեն Դուրգարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է բեմադրել Պ. Չայկովսկու «Կարապի լիճ» բալետային ներկայացումը, որը ոլորտում շրջադարձային է լինելու, ինչպես նաև միջազգային հարթակներում նախատեսվում է ներկայացնել «Արշակ» օպերան:

Նախարարի տեղակալը կարևորել է թե՛ հայկական մշակույթը օտարերկրյա բեմերում հանրահռչակելը, թե՛ Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող կատարողներին ընդունելը: Նա ուրախալի է համարել այն փաստը, որ օպերային արվեստով հետաքրքրված են նաև Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, որոնք օպերային թատրոնի ներկայացումներում հանդես են գալիս որպես կատարողներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի հաջորդ այցելությունը Գեղագիտության ազգային կենտրոն էր: ԳԱԿ տնօրեն Վահան Բադալյանը փոխնախարարին ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, վերջին երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքը, տեղական և միջազգային նախագծերը, քննարկվել են ընթացիկ աշխատանքները։ Դանիել Դանիելյանը Վահան Բադալյանի ուղեկցությամբ այցելել է ԳԱԿ թանգարան և պատկերասրահ, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Նա այցելել է նաև ԳԱԿ փոքր թատրոն և հանդիպել թատրոնի ստուդիայում սովորող երեխաների հետ։ Դանիել Դանիելյանը կարևորել է կենտրոնի աշխատանքը՝ հատկապես մանկահասակ երեխաներին վաղ տարիքից արվեստին հաղորդակից դարձնելու և հետաքրքրություն սերմանելու առումով:

Հաջորդիվ ծանոթության նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն:

  • Կիսվել: