հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մոսկվայում տեղադրվել է Կարո Հալաբյանի արձանը

Մոսկվայում տեղադրվել է Կարո Հալաբյանի արձանը

Ապրիլի 27-ին Մոսկվայում (Հալաբյան փողոցի խաչմերուկի մոտակայքում գտնվող, թիվ 2 բնակելի տան մոտակայք) տեղի ունեցավ ԽՍՀՄ Ճարտարապետների միության հիմնադիր, ԽՍՀՄ Ճարտարապետության ակադեմիայի փոխնախագահ, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Սեմյոնի Հալաբյանի հուշարձանի բացման արարողությունը:

Անվանի խորհրդային և հայ ճարտարապետի հուշարձանը ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կողմից նվեր է քաղաքին: Հուշարձանը տեղադրվել է Մոսկվայի կառավարության աջակցությամբ։

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը արձանի բացման արարողության ժամանակ նշել է, որ հուշարձանի բացումը տեղի է ունենում Կարո Հալաբյանի ծննդյան 125-ամյակին ընդառաջ, որը կնշվի հաջորդ տարի:

Դեսպանի խոսքով՝ արձանը ոչ միայն նվրվում է ճարտարապետի ստեղծագործական ժառանգությանը, այլեւ մարմնավորում է մեր ժողովուրդների սերտ կապերը, խորհրդանշում է մեր ընդհանուր անցյալը եւ մեր համատեղ ապագան:

Տողանյանը նաև շնորհակալություն է հայտնել Մոսկվայի քաղաքային իշխանություններին ՝ նախաձեռնությանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, ճարտարապետական հանրության, մշակույթի, գիտական և հասարակական ոլորտի ռուս և հայ գործիչներ:

Արձանի հեղինակն է ՌԴ ժողովրդական նկարիչ, հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանղուլյանը, ճարտարապետներն են՝ Աշոտ Թադևոսյանը, Անդրեյ Ֆրանղուլյանը և Կարինա Դանիելյանը:

Հալաբյանի բրոզե արձանի ձեռքում գծագրերն են, որոնց վրա պատկերցված է նրա ամենահայտնի գործը՝ Ռուսական բանակի թատրոնը:

  • Կիսվել: