երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեկնարկում են Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները

Մեկնարկում են Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները

2023 թվականի հունիսի 16-ին լրանում է հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը:

Ղուկաս Չուբարյանի ծննդյան օրը՝ հունիսի 16-ին, ժամը 12:30-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, արվեստագետի ընտանիքի անդամները, մտավորականներ կայցելեն Երևանի քաղաքային պանթեոն և ծաղիկներ կխոնարհեն մեծանուն արվեստագետի շիրիմին:

Ժամը 15:00-ին Երևանի Մանկական այգում տեղի կունենա Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակի հանդիսավոր բացումը:

Ժամը 16:30-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական մասնաշենքում տեղի կունենա հոբելյանական նամականիշի մարում, որից հետո՝ ժամը 17:00-ին «Հովեր» երգչախմբի համերգը:

Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը պատշաճ նշանավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի նախագահությամբ: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք միտված են մեծանուն արվեստագետի հարուստ ժառանգության վերարժևորմանը և հանրայնացմանը:

  • Կիսվել: