հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեկնարկում է հանրապետական ամենամյա «Կողք կողքի» ներառական երաժշտական արտ-փառատոնը

Մեկնարկում է հանրապետական ամենամյա «Կողք կողքի» ներառական երաժշտական արտ-փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի և «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ-Հայաստան)» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Կողք կողքի» երաժշտական ներառական արտ-փառատոնը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջոցառումը կանցկացվի Երևանի  Հովհաննես  Թումանյանի  անվան  պետական   տիկնիկային թատրոնում:  Բացի  երաժշտական  համերգային ծրագրից՝  այս տարի նախատեսվում է նաև փառատոնի մասնակից կենտրոնների սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես (կավագործություն, գեղանկարչություն): Ծրագրում  ներգրավված են Երևանի և մարզերի վերականգնողական կենտրոնների կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, երաժշտական կարողություններով երեխաներ և դեռահասներ: Ծրագրին  կմասնակցեն  հիսուն սան  և  քսան  անվանի  երաժիշտներ: Մասնակից  երաժիշտներն են Ռուբեն Հախվերդյանը, Վահագն  Հայրապետյանը, Միքայել Ոսկանյանը, «MVF band»-ը, «Nemra» երաժշտական խումբը, «Լավ Էլի» ռոք խումբը, «Hope for coffeе» երաժշտական  խումբը, «Colors of music  band»-ը,  Անահիտ  և  Աննա  Մխիթարյանները,  Ռոմանոս Մելիքյանի անվան  պետական երաժշտական  քոլեջի  սաները:

Փառատոնի   գլխավոր  նպատակն  է բացել  հասարակության   դռները  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և դեռահասների առջև՝ հավասար  պայմաններ  ընձեռելով  բոլորի համար, երաժշտության, արվեստի  միջոցով  ամրացնել  կապը՝ երկու  կողմերի համար ապահովելով մտքի, երևակայության փոխանակում, ձևավորել հանդուրժողականություն, ինչպես նաև հասարակության  կողմից  ճանաչված  մարդկանց  ներգրավվածության  միջոցով  հնարավորինս  հանրայնացնել և տեղայնացնել ներառական մտածողությունը:

Փառատոնն անցկացվում է 2019 թ.-ից:

  • Կիսվել: