չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Համահայկական hայագիտական օլիմպիադան միավորել է 50 հայ պատանիների աշխարհի տարբեր անկյուններից

Համահայկական hայագիտական օլիմպիադան միավորել է 50 հայ պատանիների աշխարհի տարբեր անկյուններից

Աղվերանում մեկնարկել է Համահայկական հայագիտական 10-րդ օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի (7 երկրներ) աշակերտական խմբեր (50 պատանի)։ Այն կտեւի մինչեւ օգոստոսի 11-ը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։

Համահայկական օլիմպիադան 2003 թվականից պետական ծրագրի շրջանակում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող միջոցառում է, որը խրախուսում է արտերկրում բնակվող հայ երեխաների՝ հայոց լեզվի, գրականության, պատմության եւ մշակույթի իմացությունը, օգնում նրանց ճանաչել Հայաստանը եւ ավելի շատ սիրել հայրենիքը, ինչպես նաեւ ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Օլիմպիադայի առանձնահատկություններից է այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում նաեւ 14-18 տարեկան այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից եւ մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին, ինչպես նաեւ Հայաստանով հետաքրքրվող օտարազգի ներկայացուցիչներին:

2020-2021 թթ. նախատեսված համահայկական հայագիտական եւ բնագիտական օլիմպիադաները չեղարկվել էին COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով: Հաշվի առնելով երկու տարվա ընդմիջումը՝ այս տարի այն անցկացվում է ստուգատեսի ձեւաչափով:

Ծրագրում, բացի մրցույթներից, նախատեսված են ուսուցողական, ժամանցային միջոցառումներ: Երեխաները կայցելեն Օշական՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզման, եւ Աղձք՝ Արշակունիների դամբարան:

  • Կիսվել: