ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ)

Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ)

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյամանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։

Բերկառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն:
Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարարապետ Գերաշնորհ Տ․Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղի ունեցավ նախատոնակ, ապա կատարվեց նաև տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

Արարողությունից հետո եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Մուշեղ Սրբազանի վառվեց Տեառնընդառաջի խարույկը, որի շուրջ համախմբված Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարումներով:

Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին, եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:

  • Կիսվել: