հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մայիսի 30-ից հունիսի 15-ը կանցկացվի «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը

Մայիսի 30-ից հունիսի 15-ը կանցկացվի «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կանցկացվի «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը։

Համավարակով պայմանավորված՝ այս տարի ևս փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, սակայն առցանց տիրույթում իրենց աշխատանքները կներկայացնեն դերասաններ՝ ՌԴ-ից, Ղազախստանից, Բելառուսից և Իսրայելից:

Այս տարի «Արմմոնո» փառատոնն ուշադրությունը կբևեռի բացառապես հայ հեղինակների գործերի վրա, աշխատանքներ կտանի Հայաստանի մարզային թատրոնների հետ՝ մոնոներկայացումների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև հարթակ կտրամադրի երիտասարդ դերասաններին ու բեմադրիչներին:

«Արմմոնո-Plus» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մոնոներկայացումներ մարզային թատրոնների դերասանների կատարմամբ, և «Արմմոնոն» կհյուրընկալվի Գյումրիում, Արտաշատում։

«Արմմոնոյի» շրջանակում կանցկացվեն թատերականացված ընթերցումներ՝ «Դրամատուրգիա» հանդեսի և tatron-drama.am կայքի հետ: Առաջին անգամ հայ դրամատուրգները կմասնակցեն փառատոնին՝ «Պատմություններ պատերազմի մասին» և «Պատմություններ սիրո մասին» ծրագրով:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը տարիների ընթացքում Հայաստանում ձևավորել ու զարգացրել է «մեկ դերասանի թատրոնը»: Փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հայ հանդիսատեսին միջազգային թատերական իրողություններին ծանոթանալու հնարավորություն տալով:

  • Կիսվել: