Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվեն Հայաստանում
ՀՀ կառավարության կողմից աճուրդներով ձեռք բերված 1188 թվականին պատրաստված և քանդակված հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը և Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն օրերս արդեն կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում և Ազգային պատկերասրահում:
Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
Նախարարն ասաց, որ իրենց աշխատանքները ներառում են նաև հայկական մշակութային արժեքների ձեռքբերում և վերադարձ ՀՀ: Նախորդ տարի ավելի քան 300 մլն դրամ են տրամադրել այդ ուղղությամբ:
«Օրերս արդեն մեր հանրությունը կկարողանա տեսնել պետության կողմից ձեռքբերված միջնադարյան հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը, ինչպես նաև Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքը, որոնք կհանգրվանեն պատկերասրահում և պատմության թանգարանում»,-ասաց Անդրեասյանը:


