երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեռնակերտի հնավայրում հայտնաբերվել է եզակի պաշտամունքային կառույց

Լեռնակերտի հնավայրում հայտնաբերվել է եզակի պաշտամունքային կառույց

Ավարտվել են Լեռնակերտ գյուղի «Վերին բերդ» կոչվող տարածքի այս տարվա  պլանային պեղումները։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը մոտ մեկ ամիս տևած պեղումների ընթացքում բացված պաշտամունքային եզակի համարվող կառույցում հայտնաբերել է հնագիտական  արժեքավոր գտածոներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ այն տվյալ ժամանակաշրջանի բնակիչների համար ունեցել է  առանձնակի նշանակություն: Այս մասին տեղեկացնում է shantnews.am-ը։

Ըստ կայքի՝ դեռ նախորդ տարի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները պեղումներ էին կատարել Լեռնակերտի  ամրոցի, դամբարանադաշտի ու բնակավայրի տարածքում,  այս հատվածում արշավախումբը տեղադրել էր հետախուզական փոսորակ, որը հուշում էր այն մասին, որ հին բնակատեղիում թաքնված է եզակի մի կառույց, որը կարող է էապես փոխել մինչ այս պեղումների ընթացքում բացահայտված իրողությունները:

«Պարզ դարձավ, որ գործ ունենք մի մոնումենտալ կառույցի հետ, որը համալիր էր ներկայանում, և այս տարվա պեղումներով, փաստորեն, շերտ առ շերտ փլատակների տակից բացվեց հնագիտական մի տեսարան, գործ ունենք մի սրահի հետ, որը ուներ հատուկ նշանակություն  հասարակության համար»,- պատմում է Լեռնակերտի արշավախմբի գիտաշխատող Լևոն Մկրտչյանը։

Բացված  տեսարանի  նախնական ուսումնասիրությունը ուշ բրոնզեդարյան ծեսի շատ կարևոր մանրամասներ է բացահայտում, որը մինչ այս հնագետներին տեսանելի ու հայտնի չի եղել: Բարձրլեռնային գոտում՝ Արագածի շիրակյան լանջերին, բացահայտվում է  մ.թ.ա 2-րդից 1-ին դարերին թվագրվող մի մեծ բնակատեղի՝  իր ամրոցով և ուշ բրոնզեդարյան  պաշտամունքային կառույցով:

2200 մետր բարձրության վրա հայտնաբերված կառույցը առանձնանում է ոչ միայն իր պայտաձև տեսքով, որը տվյալ  ժամանակաշրջանի համար համարվում է բացառիկ երևույթ, այլ նաև պատերի ու քարերի շարվածքով: Շինարարության ընթացքում կիրառել են պատերի կառուցման խոշոր հիմնաժայռերի համադրման տարբերակը:

«Մենք տեսնում ենք, որ պատերի մեջ առկա են խոշոր  հիմնաժայռեր, սակայն այս մեկը բնաժայռի ելուստն է, որի շուրջ ձևավորվել են  սենյակի մյուս պատերը, այսինքն՝ հիմնական ժայռը մաշեցնելով, տաշելով ստացել են իր համապատասխան դիրքը և դրա շուրջ ձևավորել են արդեն սենյակի մյուս պատերը»,- ասում է Լեռնակերտի արշավախմբի ղեկավար, գիտաշխատող Բենիկ  Վարդանյանը։

Պաշտամունքային սենյակում հնագետները հայտնաբերել են երկու հիմնախարիսխներ, որոնցից մեկն ունի կոպիտ պատրաստվածություն։ Ենթադրաբար, քարե հիմնախարիսխը պատրաստվել է հենց տեղում, իսկ մյուսն իր տեսքով ավելի հղկված է, տեղադրված է անմիջապես ժայռի մեջ: Ըստ  գիտաշխատողների, տորաձև այսպիսի քարե հիմնախարիսխը բնորոշ է Հայաստանի այլ տարածաշրջաններին և ենթադրաբար  պաշտամունքային կառույցի շինարարության ժամանակ բերվել է այլ բնակավայրից։

Հիմնախարիսխների մոտ հայտնաբերվել են խեցեղենի մնացորդներ, որոնք, ենթադրաբար,  ծեսի հետևանք կարող են լինել: Հետաքրքրական է նաև երկու հիմնախարիսխների միջև հայտնաբերված ժայռային ելուստը, որը ևս կարող է պաշտամունքային ծեսի կարևոր բաղադրիչ եղած լինի:

«Հետաքրքիր իրավիճակ է․ խեցեղենի այսպիսի կուտակումները, ջարդված կուտակումները, գուցե գործ ունենք ինչ-որ ծեսի հետ, որ զոհաբերությունից հետո առարկաները չեն հանել։ Ինչպես գիտենք, շատ դեպքերում չեն հանում դրանք պաշտամունքային վայրից, այս դեպքում, գուցե, այսպես մնացել են փլատակների տակ, կոտրվել կամ հատուկ կոտրել են»,- ասում է Լևոն Մկրտչյանը։

Նոր հայտնաբերված կառույցը տարածքում ունի տեսանելի դիրք, որն անմիջապես նայում է մինչ այս հայտնաբերված ամրոցին, որտեղ նույնպես ժամանակաշրջանին բնորոշ մշակութային շերտ կա: Պաշտամունքային կառույցից ձգվում են նաև հաջորդող կասկադաձև մի քանի սենյակներ:

Նախնական  ուսումնասիրությամբ, բացված կառույցը հանդիսացել է պաշտամունքային կառույցի գլխավոր  սենյակը: Այս կառույցի  բացահայտումով փոխվեց Լեռնակերտի հնագիտական արշավախմբի  հետագա տարիների  գործունեության ռազմավարությունը: Նորահայտումը թույլ է տալիս այս տարածքում պեղումները շարունակել ևս մի քանի տարի։

 

  • Կիսվել: