ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լեհ ռեժիսորներն ու կինոարտադրողները հետաքրքրված են ՀՀ-ում ֆիլմեր նկարահանելու գաղափարով. Լեհաստանի փոխդեսպան

Լեհ ռեժիսորներն ու կինոարտադրողները հետաքրքրված են ՀՀ-ում ֆիլմեր նկարահանելու գաղափարով. Լեհաստանի փոխդեսպան

Հայաստանում Լեհաստանի փոխդեսպան Քրիստով Բարչակն Ազգային կինոկենտրոնում հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ լեհ ռեժիսորներն ու կինոարտադրողները հետաքրքրված են ՀՀ-ում ֆիլմեր նկարահանելու գաղափարով և հնարավորության դեպքում պատրաստ են գործակցության։

Նա նշել է, որ Լեհաստանում մեծապես հետաքրքրված են հայաստանյան իրողություններով և պատրաստ են համագործակցության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կինոարտադրության և կինոլորտում տեղի ունեցող նոր զարգացումներով։

Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ողջունել է լեհական կողմի գաղափարը և նշել, որ համատեղ ֆիլմարտադրության կազմակերպումը կարող է իրականացվել երկրի պետական ֆինանսավորման չափանիշներին համաձայն և փաստել, որ և՛ Հայաստանը, և՛ Լեհաստանն անդամակցում են Եվրիմաժին, ինչը ևս մեկ հնարավորություն է երկուստեք զարգացնելու համատեղ կինոարտադրությունը։

Հանդիպման ընթացքում կինոկենտրոնի տնօրենը փոխդեսպանին ներկայացրել է նաև 2018-ից կինոկենտրոնի և լեհական «Ֆիքսաֆիլմ» ընկերության միջև ձևավորված համագործակցությունը՝ ֆիլմերի վերականգնման ոլորտում, որոնք դարձել են կինոժառանգության վերականգնման օրինակելի նմուշներ (Ս․ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը, «Նռան գույնը» հիմնական ֆիլմից դուրս մնացած հատվածները, որոնք հետո ինստալյացիա ձևաչափով ցուցադրվել են Ռոտերդամի փառատոնում և այլն)։

Կողմերը խոսել են նաև հայ և լեհ կինոգործիչների համատեղ հանդիպումների առցանց հարթակ ստեղծելու մասին, ինչն առավել առարկայական շփումների և գործակցության հնարավորություն կընձեռի։

Կինոկենտրոնի ֆիլմ հանձնակատար Մելիք Կարապետյանն էլ առաջարկել է Լոձի կինոինստիտուտի հետ հայ ուսանողների համար ձեռնարկել կրթական նոր ծրագիր, քանի որ բուհն աշխարհում ամենահայտնի կինոդպրոցներից է։

 

  • Կիսվել: