ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Լավաշի օր» միջոցառումը հետաձգվել է

«Լավաշի օր» միջոցառումը հետաձգվել է

2020 թվականի օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում նախատեսված էր անցկացնել «Լավաշի օր» միջոցառումը՝ հայ և միջազգային հյուրերի մասնակցությամբ: Նախաձեռնության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այն հետաձգվում է:

««Լավաշի օր» միջոցառումը նվիրված էր լինելու հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում և հանդիսանում է հայերի արժեհամակարգի կարևորագույն տարր:

Սակայն, հաշվի առնելով մեր երկրում և ողջ աշխարհում տիրող ներկայիս իրավիճակը, նաև կարևորելով բոլորիս առողջությունը՝ «Դար» հիմնադրամը որոշում կայացրեց հետաձգել «Լավաշի օր» միջոցառումը 1 տարով: Այն անպայման տեղի կունենա 2021 թվականին:

Միջոցառման նպատակն է՝ ոչ միայն կարևորել լավաշի դերը հայ ժողովրդի կյանքում և մշակույթում, այլև աշխարհին ներկայացնել լավաշը՝ որպես հայկական մշակույթի անբաժան և անժխտելի մաս։ Հայկական լեռնաշխարհում լավաշ թխելու մշակույթը ծնունդ է առել անհիշելի ժամանակներից: Այն հայերի համար հանդիսացել է ոչ միայն սնունդ, այլև ընտանիքի, բարեկեցության և առատության խորհրդանիշ։

Միջոցառման գլխավոր նպատակն է հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռել դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ՝ կարևորելով համայնքների համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը: Միջոցառումը նախատեսվում է ամեն տարի անցկացնել այս տարածաշրջանում և դրանով իսկ զարկ տալ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: